Նա երբեք չդադարեց սիրել մեզ

Բլեզ Պասկալն այսպիսի մի խոսք է ասել՝ «Մենք երբեք մարդուն չենք սիրում, այլ միայն նրա որակներն ու հատկանիշները»:
Մի փոքր խորհելուց հետո հասկացա, որ իրոք, երբեմն այդպես է:
Կարծում եմ՝ մեր և աստվածային սիրո տարբերությունը հենց սա է. Աստված սիրեց մարդուն, իսկ մենք սիրում, գնահատում և հարգում ենք մարդկանց ըստ իրենց արժեքների, ըստ մեր ճաշակի:
Չգիտեմ՝ ինչպես կվերաբերվեմ, երբ իմ սիրելի մարդկանցից մեկը որևէ սխալ գործի, հետո նույնը կրկնի, հետո նորից, նորից ու նորից… Կկարողանա՞մ արդյոք շարունակել սիրել նրան, չգիտեմ…
Գուցե հիմա ասեմ՝ այո, սակայն փորձը ցույց է տալիս, որ երբեմն շատ մտերիմ մարդիկ անհետանում են մեր կյանքից գուցե հենց  սիրո բացակայության հետևանքով…
Բայց ուզում եմ Քրիստոսի սիրտն ունենալ, աստվածային սերը, որ ուղղակի սիրում է դիմացինին, ցավում է նրա սխալների համար, փորձում է ամեն կերպ բարձրացնել, օգնել… Այն սերը, որ համբերատար սպասում է, ծնկաչոք աղոթում, գաղտնի արտասվում…
Չէ՞ որ Քրիստոս երբեք չդադարեց սիրել մեզ, անգամ երբ Նրան խաչն էինք հանում…