Կարծես թե սկսեց սիրել անձրևը...

Առավոտյան արթնացավ ու արագ դուրս եկավ տանից: Անձրև էր, մռայլ ու ցուրտ եղանակ: Ասես երկնքից դույլերով ջուր են լցնում վրադ՝ առանց մտածելու ոչ սանրվածքիդ մասին, ոչ հագուստիդ, ոչ էլ ամառային կոշիկներիդ, որոնք վաղո՜ւց արդեն թրջվել էին: Լավ է անձրևանոց ուներ, այլապես դժվար թե աշխատանքի հասներ…

Ակամայից տխրություն է իջնում, երբ նայում ես սև ամպերին, ձեռքերը տաքացնել փորձող մարդկանց, ջրափոսերով արագ անցնող մեքենաներին ու նրանց հետևից բարկացած, ձեռքերը թափահարող ու բղավող մարդկանց:

Կանգառում կանգնած լսում ես փնթփնթոցներ՝ Ինչո՞ւ է ուշանում, տեսնես՝ ի՞նչ եղավ, է՞ս ցրտին սա էր պակաս… ու բոլորը անկախ նրանից, թե քանի րոպե են սպասում, սկսում են բողոքել երթուղայինի ուշ գալուց…բողոքել ու բողոքել...

Չէ, աշխարհը շա՜տ մռայլ է, շա՜տ անգույն… Անձրևն ուղղակի անտանելի է... Իր երթուղայինն էլ ուշանում է…

Հետո ավտոբուսի միջից աչքն ընկավ մի փոքրիկի, ով դուրս էր նայում: Այնքա՜ն հաճելի հայացք ուներ… Իր փոքրիկ աչուկներով նայում էր, հրճվում…  Հանկարծ նայեց իր կողմը… նայեց, ժպտաց ու մեկ էլ՝ թաթիկով բարևեց… ապշել էր… սիրտը լցվեց հրճվանքով… ո՜նց կգրկեր ու կհամբուրեր այդ փոքրիկին: Չնկատեց՝ քանի վայրկյան տևեց նրանց հանդիպումը, քանի վայրկյան վայելեց անկեղծ ժպիտը, բայց երբ նրա ավտոբուսը հեռացավ, զգաց, որ ինչ-որ բան փոխվեց…

Չէ՜, անձրևը չկտրվեց, ոչ էլ կողքի փնթփնթոցները դադարեցին, ուղղակի ներսը մի տեսակ ջերմացավ ու լուսավորվեց: Նայեց երկինք ու սկսեց հիանալ թափվող անձրևի կաթիլների մեծությամբ, զգաց թարմության շունչը, նկատեց, թե ոնց են մաքրվում շենքերը, փողոցները… կարծես թե սկսեց սիրել անձրևը…