Ավելի զգացմունքային, ավելի ջերմ, ավելի բարի...

Յուրաքանչյուրիս մեջ ապրում է մի երեխա, ով այլ աչքերով է նայում աշխարհին: Այդ երեխան ավելի զգացմունքային է, ավելի ջերմ, ավելի կարեկցող, ավելի բարի. նրա աշխարհը տարբերվում է մեզ շրջապատող աշխարհից. այնտեղ ամենը հիմնված է զգացողությունների վրա, իսկ այստեղ ամեն բան այնքա՜ն նյութական է… 

Այդ երեխան հաճախ անտեսանելի է. նրան ոչ ոք այդպես էլ չի տեսնում, չի բացահայտում: Պահում ենք նրան մյուսներից, փայփայում, սիրում…

Գուցե այդպես պաշտպանում ենք նրան արտաքին հարվածներից, չէ՞ որ այդ երեխան առավել զգայուն է վիրավորանքի, ծաղրանքի ու արհամարհանքի նկատմամբ. գուցե նա այնքա՜ն փխրուն է, որ վստահված է միայն մեզ տեսնել ու զգալ նրան… չգիտեմ, գուցե:

Այդ երեխան ավելի շատ է ուրախանում, ավելի շատ է ծիծաղում, ավելի շատ է կարոտում, բայց այդ ամենը երբեմն մարդկային կաղապարներից դուրս այդպես էլ չեն երևում, այդ երեխան հաճախ լալիս է, թեև ոչ ոք այդպես էլ քո աչքերին արցունքներ չի տեսնում…