Իսկ նրանք զայրացած գոռում էին՝ Խաչի՜ր...


- Ես չգիտեմ՝ ինչ անեմ: Ախր նա արդար է: Ու բոլորը գիտեն այդ մասին:
- Նրանք ուզում են քո ձեռքով սպանություն կատարեն: Այդ հրեա կրոնավորները շատ խորամանկ են:
Գլուխն առել էր ափերի մեջ ու արագ-արագ քայլում էր սենյակում: Լսելի էր հավաքված ամբոխի աղմուկը, որ այլևս չէին համբերում:
- Նրանք արդեն սկսում են սուլել, պետք է դուրս գալ, թե չէ Աստված գիտի` ինչ կկատարվի:
- Ի՞նչ պետք է անես:
- Չգիտեմ…  Նրանց կամքին դեմ գնալը կնշանակի խռովություն առաջացնել, գուցե հեղափոխություն… չգիտեմ… Միայն մի բան գիտեմ՝ այդ մարդն արդար է, ու նրանք ուզում են այդ արդար մարդուն վերացնել իմ միջոցով:
Բարկացած բռունցքը խփեց սեղանին, ուղղեց զգեստն ու գնաց դեպի հարթակը…

Աղմուկը լռեց, ու վերևում երևաց Պիղատոսը՝ խոժոռված դեմքով: Տեսքը գունատ էր, մտահոգ, ինչ-որ տեղ զայրացած: Նա իշխանությամբ ձեռքը վերև բարձրացրեց ու լսվեց նրա ձայնը:
- Ո՞ւմ եք ուզում…

Գիտեր, որ հավաքված ամբոխը չի սիրում հանցագործներին, ու մի գաղտնի հույսի շող էր առկայծում՝ թե այդպես կկարողանա փրկել նրան մահապատժից:
Զինվորները բերեցին բանտարկյալներին: Նրանցից մեկն արդարն էր, մյուսը՝ բոլորին հայտնի հանցագործ: Ու ի՜նչ հանգստությամբ էր կանգնած Արդարը… Մարմինն արյունոտ էր՝ ծածկված թարմ վերքերով, մյուսը՝ կանգնել էր խռովված ու առիթը բաց չէր թողնում սրան-նրան հայհոյելու:

Դե՛, ժողովո՛ւրդ, ընտրեք, ընտրությունը ձերն է՝ Արդա՞րը, թե՞ հանցագործը, մարդասպա՞նը, թե՞ մարդասերը… Ու ժողովուրդը կայացրեց որոշումը.

- Մենք ուզում ենք Բարրաբային…

Ընտրությունը շարունակվում է մինչ օրս… ամեն մեկս՝ կանգնած ամբոխ-հասարակության մեջ բարձրացնում ենք մեր ձայնն ու պահանջում… ո՞ւմ: Հազիվ թե ես ու դու պահանջեինք Արդարին… չէ՜, երբ կանգնում ենք ընտրության առաջ, մենք ևս ընտրում ենք սուտը, կեղծավորությունը, կաշառակերությունը, բամբասանքը… ու ինչո՞վ է տարբերվում մեր այսօրվա հասարակությունը… մի՞թե ես ու դու էլ ամեն օր չենք բղավում՝ Խաչի՜ր նրան, վերցրու մեզնից, հեռացրու, որովհետև դժվար է, անհասկանալի է, տարօրինակ է այն ամենը, ինչ Նա է ասում… այո՜, մեզ համար շատ ավելի հեշտ է ատելը, բամբասելը, զրպարտելն ու ծաղրելը, բայց սիրե՞լ, ներե՞լ, բարձրացնե՞լ... Չէ՜, Պիղատո՛ս, խաչի՜ր Նրան... մենք կշարունակենք պաշտել Աստծուն մեր իմացած ձևով...

Որոշումը կայացված էր. Բարրաբան ազատվեց շղթաներից ու անհետացավ ամբոխի մեջ, իսկ Նա… Նա կանգնած էր խոնարհությամբ՝ ինչպես զոհաբերության տարվող անմեղ գառը, որի աչքերն այնքա՜ն բան էին ասում… Արցունքի կաթիլներ կային աչքերին, բայց չէ՜, ցավից չէր, ոչ էլ վախից… ուղղակի հավաքված ամբոխի մեջ տեսնում էր այն կույրին, որ բժշկել էր, բորոտներից մի քանիսն էլ այնտեղ էին, կային մարդիկ, ովքեր եղել էին այն հինգ հազարի մեջ, ում ժամանակին կերակրել էր… Նայում էր ու փորձում որսալ նրանց հայացքը…  Բայց այդ հայացքը դատապարտող չէր, նա պարզապես ուզում էր իր վերջին հնարավորությունը ևս օգտագործել ու ասել՝ այնուամենայնիվ, սիրում եմ ձեզ...

Ինչ-որ մեկը հրեց ու գցեց գետնին, մեկ ուրիշն էլ մտրակի մի քանի հարված հասցնելով արյունոտ մարմնին՝ բղավեց՝
- Բերե՛ք խաչը:

Իրականությունը զավեշտի էր նման… ստեղծվածները տանում էին Ստեղծողին խաչելու, մեղավորները՝ Արդարին, ժամանակավորները՝ Հավիտենականին… իսկ Նա համբերում էր: Համբերում էր նաև այն ժամանակ, երբ լպիրշ մի ավազակ հանդուգն հայացքով ծաղրում էր նրան ու ասում՝ Եթե Աստծո որդին ես…Իսկ Նա համբերում էր…

Ո՞ւր եք, մարդի՛կ… ո՞ւր են Նրան արմավենիներով դիմավորողները, ո՞ւր են նրա իշխանության ու իմաստության վրա զարմացողները, ո՞ւր են Նրա ձեռքից հաց ու ձուկ առնողները, Ղազարոսի հարության ականատեսները, Լեռան քարոզի մասնակիցները… Նայում էր շուրջն ու տեսնում, որ հենց այդ մարդիկ էին, որ բռունցքները օդ բարձրացրած զայրացած գոռում էին՝ Խաչի՜ր Նրան:

Բայց զարմանալի էր Նրա սերն ու համբերությունը… Մենք պատրաստ ենք ցանկացած առիթով տրորել մեր ոտքը տրորողի գլուխը, պատրաստ ենք գոռալ ու բղավել դիմացինից ավելի բարձր, պատրաստ ենք միմյանց կոկորդ կրծել՝ առաջ տանելու մեր ճիշտը, մեր տեսակետը, մեր կարծիքը, բայց ահա խաչվում էր հենց Ինքը՝ Ճշմարտությունը, ու խաչողներն էլ մենք էին՝ ճիշտ մարդիկս, ու Նա ձայն չէր հանում: Լսելի էին միայն մտրակի հարվածները, հայհոյախառն ծաղրանքներն ու սանձարձակ մարդկության հրեշավոր հռհռոցը. չէ՞ որ հասել էին իրենց ուզածին. այլևս ոչ ոք չէր ասի՝ պետք է ներել ու սիրել, աղոթել ու օրհնել…

Ամբոխի մեջ համախոհներ էլ ուներ, ովքեր թաքուն արտասվում էին, ովքեր աղոթում էին ու սպասում հրաշքի…

Բայց ոչ մի հրաշք էլ չկատարվեց… ահա Նա՝ երկնքի ու երկրի Արարիչը կախված էր խաչափայտից ու քիչ-քիչ արնաքամ էր լինում:
Շուրթերը շարժվեցին հանկարծ ու խաչի մոտ եղողներն այնքա՜ն պարզորոշ լսեցին Նրա խոսքերը.  «Հա՜յր, ներիր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»: Չէ՜, նրանք լավ գիտեին ինչ են անում, նրանք վաղուց էին մտադիր սա անել: Չլիներ դավաճան Հուդան իր երեսուն արծաթով, կգտնեին մեկ ուրիշին, չէ՞ որ մեր օրերում էլ դավաճանների ու շողոքորթների պակաս չկա… Բայց Նա ներում էր հայցում… անգամ խաչի վրա հավաքում էր իր վերջին ուժերն ու արնաքամ մարմինն աղաղակում էր երկինք՝ «Հա՜յր, ներիր նրանց»:

Մա՜րդ, ես ու դու իրավունք չունենք այս ամենին նայելու որպես մի սովորական պատմություն… չէ՜, սա ավելին էր, քան մարդկային մի կյանքի ավարտ, սա ավելին էր, քան կրոնական որևէ ուղղության առաջացում, սա ավելին էր… ու դա հասկացել էին բոլորը՝ քահանայապետերն էլ, Պիղատոսն էլ, Հերովդեսն էլ… Անգամ Բարրաբան էր հասկացել դա ու բոլորից հեռու մի վայրում նստել էր, հայացքն ուղղել հեռվում երևացող Գողգոթայի կողմն ու մտորում էր, արտասվում, զղջում…

Նրան խաչեցին երկու հազար տարի առաջ, ու մենք այդ խաչողներին պատկերացնում ենք որպես արնախում գազաններ ու անխիղճ արարածներ, իսկ ի՞նչ է փոխվել այսօր: Արդյոք ա՞յլ է մեր ընտրություևը: Ի՞նչ կանեինք մենք, եթե ապրեինք Հիսուսի օրերում… Մի՞թե մենք կընտրեինք ճշմարտությունը կեղծիքի փոխարեն, ազնվությունը՝ կեղծավորության փոխարեն, ներումը՝ ատելության փոխարեն, մի՞թե մենք կսիրեինք դիմացինին մեր անձի պես կամ էլ Աստծուն՝ մեր ողջ էությամբ… մի՞թե արդարությունը կգերադասեինք կաշառքից, բամբասանքը՝ քաջալերանքից…

Իսկ քանի՞սս ենք այսօր ապրում այն սկզբունքներով, ինչի համար Նրան խաչեցին… Եթե այո, ուրեմն մենք իրոք հասկացել ենք Նրա խաչելության իմաստը, եթե ոչ, ուրեմն մենք էլ դեռ այն ամբոխի մի մասն ենք, որ հայացքը նրանից թաքցնելով գոռում է՝ Խաչի՜ր Նրան…

Ավազակներից մեկը հասկացավ Նրա խաչելության իմաստը, մյուսը՝ ոչ: Խաչափայտից ընկավ նաև արյան վերջին կաթիլն ու բախվելով քարին` ջարդուփշուր եղավ… Լսվեց վերջին շշունջը. «Կատարվեց…», ու ամեն բան թաղվեց լռության մեջ:
Մոլորակը կանգ առավ, ժամանակը՝ նույնպես: Յուրաքանչյուր մարդու սիրտ անհանգիստ թպրտաց այդ պահին. ոմանք հասկացան, թե ինչու, ոմանք այդպես էլ չհասկացան…

Երկիրը չափազանց մեղավոր էր՝ Արդարին պահելու համար. երրորդ օրը Նրա գերեզմանը դատարկ էր: Նա հարություն էր առել, ինչպես և խոստացել էր… Ու ոչ խաչելությամբ, ոչ էլ անգամ հարությամբ ու երկինք համբարձվելով այս զարմանահրաշ պատմությունը չի ավարտվում… պատմության վերջին գործողությունը դեռևս մնում է անկատար…

Ի՞նչ էր այս ամենը. սոսկ մի պատմությո՞ւն, թե՞ ավելին… Կարևորը, որ ուշադիր լինենք՝ կամա-ակամա չհայտնվենք այն ամբոխի մեջ, որ գլուխը կորցրած գոռում է՝ Խաչի՜ր Նրան… չէ՞ որ պատմությունը դեռ չի ավարտվել…