Ո՞րն է ՔՈ՛ հաղթանակը

Հաղթանակ է, երբ պատերազմի դաշտից գալիս է երկար սպասված նամակը՝ մենք հաղթեցինք, ես գալիս եմ տուն…

Հաղթանակ է, երբ վերակենդանացման բաժանմունքից վիրահատող բժիշկը դուրս է գալիս ժպիտը դեմքին,

Հաղթանակ է, երբ ծննդատանը լսվում է հերթական նորածնի ճիչը,

Հաղթանակ է, երբ դիմացդ կանգնած աղջիկը, գլուխը խոնարհելով, կամաց շշնջում է՝ այո, ես կամուսնանամ քեզ հետ...

Հաղթանակ է, երբ զանգահարում են ընտանիքի հորն ու ասում՝ ձեզ համար աշխատանք կա, երբ շրջանավարտը գտնում է իր անունը ԲՈՒՀ ընդունված ուսանողների ցուցակում, երբ գիշերվա կեսին դուռը թակում են ու տագնապած բացելով՝ տեսնում ես բանակից վերադարձած զինվորիդ...

Հաղթանակ է, երբ ծխախոտիդ տուփը շպրտում ես մի կողմ, երբ հասկանում ես, որ ալկոհոլը չարիք է, երբ որոշում ես, որ այլևս չես խաղալու, հաղթանակ է, երբ որոշում ես, որ այլևս չես դավաճանելու…

Հաղթանակ է, երբ ամեն առավոտ աչքերդ բացում ես ու տեսնում արևի լույսը, երբ բալիկդ առաջին անգամ տալիս է քո անունը, երբ զգում ես, որ ինչ-որ մեկի համար դու շատ կարևոր ու անփոխարինելի մարդ ես…

Հաղթանակների այս շարքը կարելի է անվերջ շարունակել... որքա՜ն շատ կարող են լինել դրանք մեր կյանքում... Հաղթանակներ կան, որ երբեմն չենք էլ նկատում, հաղթանակներ կան, որ պիտի ձգտենք հասնել դրանց... Հաղթանակներ, որ կուրախացնեն թե՛ մեզ, թե՛ մեր մտերիմներին...

Խնդիրներիդ ու դժվարություններիդ նայելու հետ մեկտեղ մի՛ մոռացիր նայել ու արժեվորել հաղթանակներդ:

Թող կյանքդ համեմված լինի հաղթանակներով ու սիրտդ ամեն անգամ թրթռա հերթական մեծ կամ փոքր հաղթանակի բերկրանքը վայելելիս…