Շարունակիր կառուցել
Վերջին ժամանակներս ուշ ուշ էի երևում, չէի պատասխանում զանգերին, զբաղված էի… իմ երազների քաղաքն էի կառուցում… վաղուց էի այն նախագծել, ու մի օր էլ երկար մտածելուց հետո սկսեցի շինարարությունը: Մենակ չէի կարող, կառուցել այն, ուստի կանչեցի ընկերներիս, ծանոթներիս, բարեկամներիս… ահագին բազմություն հավաքվեց: Երբ նայեցի նրանց, այնպե՜ս ուրախացա: Բոլորը ուրախ ինձ էին նայում, ժպտում, գովում իմ հանճարեղ մտքերը: Նրանց մեկնեցի քաղաքի ուրվագիծը, ու անցանք գործի: Բոլորն ուրախ աշխատում էին, իսկ ես և աշխատում էի, և ամեն հանդիպածին պատմում իմ երազների, նպատակների ու ծրագրերի մասին:
Օրն ավարտվում էր արդեն, իսկ ես դեռ շարունակում էի խանդավառությամբ նայել ուրվագծերը ու կատարված աշխատանքները: Որոշել էի` փողոցների անունները կլինեն Անկեղծության փողոց, Նվիրումի փողոց, Սիրո մայրուղի, Ընկերության պողոտա, Մի քանի այգի էի նախագծել՝ Բարության, Ջերմության, նախագծել էի մանկապարտեզ, դպրոց ու համալսարան,եկեղեցի ու ծննդատուն: Մտածված այնտեղ չկար հիվանդանոց, գերեզման, ծերանոց ու մանկատուն, չէ որ իմ երազների քաղաքում մանուկները որբ չէին լինելու, մարդիկ իրենց ծնողներին ծերանոց չէին ուղարկելու… Հրապարակը մտածում էի կոչել – Խաղաղության Հրապարակ... Ամեն բան կարծես շատ լավ էր... Առաջին օրը մոտեցավ ավարտին:
Երբ անցնում էի փողոցներից մեկով, մի ակնթարթ քարացա. Աչքերիս չէի հավատում. Այնտեղ, որտեղ պետք է լիներ մի մեծ ու գեղեցիկ հուշարձան՝ ի պատիվ ընկերության, կանգնած էր տգեղ ու անճոռնի ինչ-որ կենդանու նման մի բան: Գլուխս պտտվեց… Մի ակնթարթում մոռացա ամեն բան: Շուրջս ամեն ինչ սկսեց պտտվել գլխապտույտ առաջացնող արագությամբ :Մի վայրկյանում աչքիս առաջ գունազրկվեց ամեն բան... Թուլացած ծնկներս անկարող էին կանգուն մնալ: Ես ուղղակի փլվեցի հատակին.
- Ինչու? Միթե ես այսպիսի բան էի խնդրել, միթե այսպիսի գծագիր էի ձեզ տվել, ինչ արեցիք, դու քանդեցիք ամեն բան. Սա է ձեր պատկերացրած ընկերությունը…?
Արցունքները հորդում էին, ուզում էի գոռալ, բղավել բոլորի վրա, բայց զգացի, որ ուժերս սպառվել են: Գետնին ծնկած նայեցի նրանց կողմը… Առանց իմ վրա ուշադրություն դարձնելու՝ շարունակում էին իրենց աշխատանքը, շարունակում էին ինչ-որ կենդանի քանդակել՝ տգեղ ու անհամաչափ:
- Բավական է,- գոռացի ես: Նրանք կանգ առան ու նայեցին ինձ: Երբեք նրանց աչքերի մեջ չէի նայել… Գիտեք ինչ տեսա? Կեղծավորություն, նախանձ, չարություն…
- Կարծում ես, միայն դու կարող ես նման բան մտածել:
- Չփորձես ավելի լավը երևալ:
- Քեզ մոտ ոչինչ չի ստացվի, զուր ժամանակ ես վատնում:
Ժամանակը կանգ առավ, միայն հասցրի տեսնեմ, թե ինչպես են բազմությունը, որ առավոտյան եկել էր ուրախությամբ ու նվիրումով, քթի տակ մռթմռթալով հեռանում: Բոլորը շպրտեցին գործիքներն ու գնացին՝ իրենց հետ տանելով հույսիս վերջին կաթիլները:
Սիրտս ցավում էր… ցանկություն առաջացավ վառել քաղաքի ուրվագիծն ու մեկընդմիշտ ջնջել այն հիշողությունիցս: Մտքիցս դուրս չէին գալիս նրանց խոսքերը, արհամարհական հայացքները, իրար ականջի փսփսացող շշուկները…
Մոտեցա առաջին կիսակառույցին… Այո, ես կատարյալ չեմ, ես էլ ունեմ շատ թերի կողմեր, գուցե իմ մեջ էլ կա հպարտության, եսասիրության, խանդի ու նախանձի մնացուկներ, բայց ես պայքարում եմ դրանց դեմ… Ես ուզում եմ ունենալ իմ երազների քաղաքը, ուր ամեն բան հիմնված է սիրո ու ջերմության վրա, որտեղ չկան հետին մտքեր, որտեղ չկա բամբասանք ու նախանձ, որտեղ կարող եմ ապրել ու վայելել կյանքը իմ սիրելի մարդկանց հետ… Մտքերս խառն էին, հուսահատություն էր իջել…
- Ես ինքս կանեմ դա, թող տևի տարիներ, թող լինի ոչ այնքան կատարյալ, բայց ես ինքս կկառուցեմ իմ քաղաքը,- վճռական ասացի ես, խոնարհվեցի, փորձեցի վերցնել ընկած քարը… շատ ծանր էր, զգացի, որ մեջքս ցավեցրեց… հանկարծ զգացի, թե ինչպես մի քանի ձեռքեր ևս միացան ինձ: Ուրախացա. Մի քանի հոգի կանգնած էին կողքիս. Շատ ուժեղ չէին, երևում էր՝ շատ հարուստ էլ չեն, բայց… կանգնած էին կողքիս: Միասին վերցրինք քարը… Շա՜տ ծանր էր. Մի կերպ դրեցինք այն իր տեղը՝ պատի մեջ ու ուրախ նայեցինք իրար… հավատում եմ, որ ժամանակի ընթացքում կգան մարդիկ, ովքեր անկեղծորեն ու նվիրումով կկանգնեն մեր կողքին ու միասին կշարունակենք իմ քաղաքի, չէ, մեր քաղաքի կառուցումը…
Շարունակիր երազել, եթե անգամ մենակ ես մնացել քո երազների հետ: Երազիր լավի, գեղեցիկի ու բարու մասին: Գուցե լինեն մարդիկ, ովքեր ընկերոջ անվան տակ կփորձեն խանգարել, կոտրել, հուսահատեցնել, բայց... շարունակիր երազել, շարունակիր արարել, շարունակիր վազել նպատակներիդ ետևից...