Սուրբ Սարգի՞ս, թե՞ Վալենտին…
Թերևս 21-րդ դարում դժվար է լսել մի բան, որ զարմանալի լինի, աննախադեպ…
Ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, որ հասարակությունը տեղյակ է ամեն ինչից ու իրականում դժվար է զարմացնել ինչ-որ մեկին: Բայց ուզում եմ մի փոքր գրել ինձ իրականում զարմացնող մի երևույթի մասին, որ անվանում եմ «սրբերի պայքար»:
Այո՛, այո՛, մի՛ զարմացեք, հենց այդպես՝ «սրբերի պայքար»: Ու ռինգի մի անկյունում ակամայից հայտնվում է Սուրբ Սարգիսը, մյուսում՝ Սուրբ Վալենտինը, իսկ մենք՝ հայ հասարակությունս, չէ, ավելի շուտ հայ քրիստոնյաներս, դարձել ենք ակամա հանդիսատեսն ու մասնակիցն այդ մենամարտ-շոուի…
Թող ասածս վիրավորանք չհամարվի ո՛չ մեր Սարգիս զորավարի, ո՛չ էլ Վալենտինի նկատմամբ, ուղղակի փետրվարյան այս օրերին մի յուրօրինակ պայքար է սկսվում: Սուրբ Սարգի՞ս, թե՞ Վալենտին. ո՞վ է ձեր նախընտրելի սուրբը սիրո բնագավառում:
Ըստ ձեզ՝ ո՞վ է ավելի շատ ի զորու օգնել, ո՞ւմ է պետք աղոթել…
Չգիտեմ ձեզ համար ինչպես, բայց ինձ համար անհիմն, անհեթեթ ու որևէ բան չպարունակող հարցեր են… Խոնարհվում եմ Սարգիս Զորավարի ու այն քաջերի առջև, որ չուրացան քրիստոնեությունն ու նահատակվեցին, բայց…
Նրանք Քրիստոսի համար նահատակվեցին, ու արդյունքում այսօր ամեն երիտասարդ անգիր գիտի Սուրբ Սարգսի մասին, Վալենտինի մասին, օրերը գիտի, ժողովրդական ավանդությունները, բայց այդ նույն մարդիկ այնքա՜ն քիչ բան գիտեն Քրիստոսի մասին…
Հրաշալի է խոսել սիրո մասին, հրաշալի է սիրել ու սիրված լինել: Սերն այնպիսի զգացմունք է, այնպիսի հոգեվիճակ, որ ամեն օր կարելի է տոնել այն, սիրելիին նվերներ տալ… խոսքերս ո՛չ սիրո դեմ է, ո՛չ էլ Սարգիս զորավարի, այլ այն մարդկանց ու երևույթների, որ ավելի են մեծացնում Սարգիսին Քրիստոսից, որ նրան տրվում է այնպիսի պաշտոն, որ իրականում գոյություն չունի, քաջալերում են անել այնպիսի բաներ, որ հակասում են Աստվածաշնչին, կռապաշտությունն ու գուշակությունը ներկայացվում են որպես ժողովրդկան ավանդություն, որը, իբր թե, դեմ չէ քրիստոնեությանը…
Եթե աղի բլիթ ուտելը դեմ չէ քրիստոնեությանը, ուրեմն նույն կերպով գուշակությունը և՞ս դեմ չէ: Անհեթեթությո՛ւն…
Աստվածաշունչն ասում է՝ իմ ժողովուրդը գիտություն չունենալու պատճառով կորսվում է… Խորհի՛ր այս խոսքերի մասին: Դու ունե՞ս բավարար գիտություն Աստծո ու Աստվածաշնչի մասին:
«Ո՛չ» ասա այն ամենին, ինչ դեմ է Աստվածաշնչին ու քրիստոնեական սկզբունքներին, իսկ երբ փողոցում ինչ-որ մեկը քեզ մոտենա ու հարցնի՝ Սարգի՞ս, թե՞ Վալենտին, պատասխանիր՝ Քրիստոս…