Խաչից մինչև դատարկ գերեզման

Գիշեր էր մթին. մի աղաղակ էր հասնում երկնքին՝
Թե՝  կամքդ լինի, ոչ թե Իմ, այլ Քոհոժար եմ խաչին:
Ծնկել էր խոնարհ, աչքերը հառել հեռու ամպերին
Ու աղոթում էր... Ո՜նց էր աղոթում... արցունքն աչքերին:

Չէ՜, աղոթք չէր դա, այլ ճակատամարտն էր վերջին,
Երբ քրտինք ու արյուն իրար ձուլվելով թափվում էին քարին,
Երբ աստվածային ողջ էությունն էր պատրաստվում խաչին…
Ու ոչ թե մարդիկ, այլ տիեզերքն էր տխրում ու լալիս:

Թե հնար լիներ, այն Գողգոթան էլ կելներ, կփախչեր,
Միայն իր վրա Իր ստեղծողին խաչից չկախեին,
Խաչն էլ թե լիներ իր կամքովն ազատ,
Կկիսվեր մեջտեղից, միայն պետք չգար…

Ու գիտես ի՞նչն էր ցավոտ ու դաժան ու անմարդկային,
Որ ստորաբար դավաճանվել էր աղոթքի պահին.
Աշակերտների համար աղոթեց ու երբ վերջացրեց,
Հենց աշակերտը ճղճիմ համբույրով Տիրոջը մատնեց:

Ու կանգնած էր Նա առջևն այն մարդկանց, որոնց սիրել էր,
Կերակրել էր, ոմանց բժշկել, աչքերին էլ լույս էր պարգևել,
Նրանք խմբվել էին ու եկել՝ կարծես պիտի հնչեցնեին խոսքը գոհության…
Ու մարդկության գոհունակ խոսքը հնչեց ճիշտ այսպես՝ Խաչեք, դուք Նրան:

Մտրակի հարված, արյունի շիթեր, ցավի աղաղակ,
Ծաղրում էին, ծեծում ու դա էլ քիչ է՝ փշե մի պսակ…
Որպես  «հրեաց թագավոր» թագադրեցին ու ծիծաղեցին
Չհասկանալով, որ հենց արքային խաչին գամեցին:

Երբ ջրի փոխարեն Կենաց աղբյուրին քացախ տվեցին
ա՜յր, Ների՜ր նրանց,- շուրթերն ասացին…
Ու ո՞վ էր խաչում, ո՞վ էր մտրակում, ո՞վ էր ծիծաղում,
Մեղավոր մարդն էր այն Սուրբ Արդարին իբրև թե պատժում:

Իսկ աստվածային Սուրբ մեծությունը խոնարհ գառի պես
Համաձայնվել էր լինել պատարագ… ու զոհաբերվեց,
Ու խաչի վրա երբ արյան վերջին կաթիլն էլ տվեց,
Նայեց երկինք ու հռչակեց, որ ամեն բան կատարվեց:

Երկիրը շարժվեց, երկինքը ողբաց, ամպը սևացավ
Լույսի մահով արևի լույսն էլ կարծես մահացավ,
Ու այն մարմինը, որ կյանք էր տվել շա՜տ-շատերի,
Դարձավ բնակիչ ցուրտ գերեզմանի:

Բայց եկավ օրը, ժամը հասավ ու Նա հարյավ.
Հանուն իրեն խաչողների ու մերժողի,
Հանուն իրեն մտրակողի ու ծաղրողի,
Հանուն կողքի ավազակի

Եկավ օրը, ժամը հասավ ու Նա հարյավ.
Հանուն իրեն ընդունողի ու սիրողի,
Հանուն Իրեն աղոթողի ու փնտրողի,
Հանուն Իրեն սպասողի…

Եկավ օրը, ժամը հասավ ու Նա հարյավ
Ի՞նչ տվեց քեզ հարությունը Քրիստոսի,
Եղավ լոկ ծես ու ավանդույթ ուրախ, բարի,
Թե՞ դարձավ սկիզբ մի փոխված կյանքի:

Կանգ առ մի պահ, խորհիր մի քիչ. ո՞ւր է Հիսուս,
Մնացել է պատմության մեջ որպես մի հուշ,
Թե քեզ համար դարձել է լույս,
Նայիր կյանքիդ ու գործերիդ. ո՞ւր է Հիսուս:

Ո՞ւր է Հիսուս, որտե՞ղ ես դուերկու հազար տարի հետո,
Գուցե մեկն ես այն ամբոխից, ով իր կյանքով ու գործերով
Դեռ գոռում է՝ Խաչեք Նրան կամ մտրակում իր խոսքերով,
Դեռ ծիծաղում ու ծաղրում է, կամ վախենում …
Երկու հազար տարի հետո:

Քանի դեռ իմաստ ես փնտրում այս անիմաստ աշխարհում,
Իր հարությամբ Քրիստոսը բացեց դուռը դեպ փրկություն,
Բացեց դուռը երջանկության, ուրախության ու սրբության,
Հիսուս հարյավ հենց ինձ համար ու քեզ համար:

Արմեն Նիազյան