Աղտոտված հանդերձներ. երկրորդ հնարավորությունը (պատմվածք)


Ավտոբուսի պատուհանից դուրս էր նայում: Կարծես հաշվում էր ճանապարհի եզրին տնկված ծառերը, բայց չէ՜մտքերը հեռվում էին՝ հայրենի քաղաքում: Հիշողությունները հանգիստ չէին տալիս, կյանքի դրվագները ժապավենի պես հայտնվում էին աչքի առաջ, ապա դարձյալ անհետանում՝ թողնելով ափսոսանքի ու հառաչանքի մի քանի կաթիլ արցունք:
Ձեռքը դրեց աչքերին ու փորձեց քնած ձևանալ, կամ գուցե փորձում էր քնել, բայց դա միակ տարբերակն էր՝ թաքցնելու արցունքները:

«Չէ՛, ամեն ինչ լավ է լինելու, ես նոր կյանք կսկսեմ, ես թույլ չեմ տա, որ իմ աղջիկն անցնի այն ամենի միջով, ինչ ես եմ տեսել ու զգացել…»: Նայեց աղջկան, ով գլուխը դրել էր մոր ծնկներին ու քնել: «Իմ արքայադուստր…». շշնջաց ու աչքերը փակելով՝ փորձեց քնել ու գոնե այդ կերպ կրճատել ճանապարհային հուշերի իր երկար ու անվերջանալի շղթան:
Ճանապարհի եզրերին շարունակում էին մեկը մյուսի ետևից անցնել ծառերը, ավտոբուսի մեջ միևնույն երգն արդեն պտտվում էր 4-րդ կամ 5-րդ անգամ, ետևի ու առջևի նստածները վաղուց արդեն քնած էինճանապարհը նրանց տանում էր մի նոր քաղաք ու նոր իրականություն:

Նոր քաղաք տեղափոխվելը հույս էր ներշնչում, ապագայի վերաբերյալ նոր նպատակներ ու իղձեր տալիս, բայց և վախ կար. իսկ եթե ոչինչ էլ չստացվի՞…
Ընկերուհին համաձայնվել էր իր տանը տեղ տալ մի քանի օր, մինչ նա աշխատանք կգտներ ու մի վարձով տուն կտեղափոխվեր: Մեծ քաղաք էր, պետք է որ հեշտությամբ հարմար մի բան գտներ:

Անձրևը շփշփալով թափվում էր երկնքից: Հորդառատ հեղեղի ձայնից ժամանակ առ ժամանակ բացում էր աչքերը, տեսնում, թե ինչպես են անձրևի խոշոր կաթիլները բախվում ավտոբուսի ապակուն ու ջարդուփշուր լինում: Մի պահ վախենում էր, հետո հանգիստ շունչ քաշում ու շարունակում նայել առաջացած կեղտոտ ջրափոսերին , նայել ու մտորել իր կյանքի ու իր կյանքում հանդիպած ջրափոսերի մասին, որոնք այնպես էին աղտոտել երբեմնի մաքուր զգեստները, որ վերադարձնել նախկին մաքրությունն ու գեղեցկությունը, ավա՜ղ, այլևս հնարավոր չէր լինի

Ավտոբուսը ճռճռալով կանգ առավ ու բացեց դռները: Մի ձեռքով աղջկա ձեռքն էր բռնել, մյուսով՝ փոքրիկ մի ճամպրուկ: Երերուն քայլերով իջավ ավտոբուսից ու ուղևորվեց ընկերուհու տուն: Հորդառատ հեղեղից հետո երկնքում շողացող արևը մի տեսակ հույս էր ներշնչում, լուսավորում ու ջերմացնում

Ահա՝ կանգնած են ընկերուհու տան դիմաց: Սիրտն արագ-արագ բաբախում էր. մեծ համարձակություն էր՝ վերցնել դստերը, թողնել սեփական տունն ու հեռանալ՝ հանձնվելով բախտի քմահաճույքին:
Խոսակցության առաջին նախադասությունները մտքում դասավորելով ու մի կերպ ժպտալով թակեց դուռը:

Քանի՜ տարի չէին հանդիպել: Ընկերուհին ուրախությամբ դիմավորեց նրանց, գրկեց ու ներս գնացին: Անակնկալ ջերմությունից ու ընտանեկան մթնոլորտից մի փոքրիկ հույս ծնվեց նրա սրտում, մի փոքրիկ հավատք՝ որ ամեն ինչ լավ է լինելու

Ընթրելուց հետո երկար ճանապարհից հոգնած աղջիկն անմիջապես քնեց, իսկ ընկերուհիները… նրանք այնքա՜ն բան ունեին միմյանց պատմելու: Մեծացել էին նույն փողոցում՝ միմյանց հարևանությամբ ու ինչպես հարազատ քույրեր՝ միասին անցկացրել էին ավելի քան քսան տարի, մինչ երկուսն էլ ամուսնացել էին ու ակամայից հեռացել միմյանցից:

Գիտեր, որ այդ երեկո ստիպված է լինելու պատմել ընկերուհուն ամեն բան, պատմել իր գլխով անցածն ու օգնություն խնդրել… Իսկ եթե մերժի՞: Այդ մասին չէր էլ ուզում մտածել… դա կնշանակեր՝ վերջ ամեն ինչին: Մինչ դա խաբել էր ընկերուհուն՝ թե ամեն ինչ շատ լավ է, բայց մեկ օր առաջ տագնապած զանգահարել էր ու ասել, որ իր կյանքը նրանից է կախված… Ընկերուհին թեյը տաքացրեց ու նստելով՝ սկսեց ուշադիր լսել իրեն:
Ամուսնությունից հետո ամեն բան շատ լավ էր: Ապրում էր երջանիկ կյանքով: Ամուսինն աշխատում էր, վաստակում բավականին լավ… Անցավ մեկ տարի ու ծնվեց նրանց դուստրը, որին որոշեցին ու հենց այդպես էլ անվանեցին՝ Թագուհի:

Հիշում էր, թե ինչպես էր ամուսինն ամեն երեկո տուն շտապում, ինչպես էր գրկում երեխային, սիրում ու անընդհատ կրկնում՝ ի՜մ Թագուհի…:

Անցավ մի քանի տարի ու ամուսնու վարքի մեջ սկսեց տարօրինակ բաներ նկատել… ավելի ուշ էր տուն գալիս, երբեմն բացակայում էր տանից մի քանի օր, կամ գալիս էր ու անմիջապես գնում իր սենյակ՝ պատճառաբանելով, թե հոգնած է:

Գնալով ավելի ու ավելի էր վատանում վիճակը: Սկսել էր հարբած տուն գալ, երբեմն էլ ընկերներն էին տուն բերում: Հետո այդ ամենին ավելացավ ծեծն ու ջարդը. կյանքը գնալով դառնում էր անտանելի: Ընտանիքից քիչ առ քիչ անհետանում էր սերն ու ջերմությունը, ուշադրությունը: Բազմիցս փորձել էր խոսել հետը, բայց ոչինչ էլ չէր ստացվել:

Սերը նման է բոցկլտացող խարույկի: Այն լույս է տալիս, ջերմացնում է, սակայն այդ կրակը վառ պահելու համար այն մշտապես պետք է լինի ուշադրության կենտրոնում, և այնտեղ շարունակաբար պետք է վառելափայտ լցնել: Շատերն ուշադրություն չեն դարձնում այս հանգամանքին, վառում են իրենց սիրո կրակը, նշանվում, ամուսնանում, իսկ հետո համաձայնվում, որ իբր թե տարիների հետ սերը փոխվում է հարգանքի… Մինչդեռ վախենում են խոստովանել, որ բավական ուշադիր չէին, և իրենց փոքրիկ կրակը հանգավ… Ու եթե բոցկլտացող կրակը հանդիպակաց քամիներն ու փոթորիկներն ավելի են ուժգնացնում ու բորբոքում, ապա մարած մոխրակույտի դեպքում այն արագ ցրիվ է գալիս ու կորչում… Որքա՜ն վտանգավոր է, երբ ընտանիքում սիրո կրակը սկսում է մարել…

Հերթական մի օր էլ, երբ աղջիկն արդեն քնած էր, իսկ ինքը մենակ սպասում էր ամուսնուն, մեքենայի ձայն լսեց: Քիչ անց դուռը թակեցին. ամուսնու ընկերն էր. բերել էր իր հարբած «թագավորին»:

Ընկերն էլ մի լավ օրի չէր. զգացվում էր, որ միասին են խմել:
- Սա էլ քո ամուսինը. հազար եմ ասել, խմել չգիտես, մի խմի էլի, ո՞ւր գցեմ սրան, ասա:
Չսպասելով պատասխանի՝ տեղավորեց դիվանին՝ քթի տակ ինչ-որ բան մռթմռթալով:
- Կներեք: Շնորհակալ եմ, բայց մի թողեք էսքան խմի, ինչ կլինի…:
Չգիտեր էլ ինչ ասի, բայց ամուսնու ընկերոջ պատասխանն անակնկալի բերեց.
- Մարդդ «էլի լցրու»-ներովա հոգնացրել, դու էլ քո շնորհակալություններով, բայց դե՝ գիտես չէ՞, որ շնորհակալությունն էսօր էլ գին չունի: Ուզո՞ւմ ես իսկականից շնորհակալություն հայտնել…

Կինը վախեցած նայեց նրան, բայց երկար մտածելու ժամանակ չունեցավ: Իրեն կորցրած ընկերը հարձակվեց կնոջ վրա, հարվածեց, գցեց գետնին ու պատառոտեց հագուստը… Խմիչքի ազդեցության տակ բանականությունը կորցնող մարդուն բնազդով առաջնորդվող կենդանուց դժվար է տարբերել…

Փորձում էր ընդդիմանալ, բայց անզոր էր: Փորձեց ամուսնուն ձայն տալ, բայց հասկացավ, որ անիմաստ է… կողքի սենյակում մանկահասակ երեխան էր, դիվանին՝ հարբած ամուսինն էր խռմփացնում, իսկ ի՞նքը… աչքերը փակել էր ու միակ բանը, որ ուզում էր այդ պահին, մեռնելն էր…

- Այ սա ուրիշ բան, այ սա շնորհակալություն էր… տե՛ս հա, էնպես լինի՝ մյուս անգամ դու քո կամքով շնորհակալություն հայտնես, թե չէ մի օր էլ հարբեցող ամուսինդ ուղղակի կկորչի ու էլ իրան ոչ մեկ չի գտնի,- ասաց ու լկտիաբար ծիծաղելով հեռացավ:

Առավոտյան երբ ամուսինն արթնացավ, փորձեց զրուցել հետը, ու երբ պարզապես ասաց, թե ընկերն իրեն ուրիշ տեսակ էր նայում, արժանացավ ամուսնու ապտակին ու ամոթանքին՝ թե՝ չե՞ս ամաչում, իմ ամենամոտ ընկերոջն ինչի մեջ ես ուզում մեղադրես… Ինչ շրջապատն ու խմիչքը դարձել էին նրա առօրյայի մի մասը, դադարել էին նրանք նորմալ ամուսնական կյանքով ապրելուց, վերջին մեկ տարվա ընթացքում չէր էլ հիշում մի դեպք, երբ ամուսինն իրեն ծաղիկներ նվիրեր կամ հրավիրեր որևէ տեղ… մինչդեռ առաջ ամեն ինչ այլ էր…

Մի քանի օր անց պատմությունը կրկնվեց, միայն թե այս  անգամ ամուսնու ընկերը զինված էր եկել՝ վախեցնելով, թե կսպանի աղջկան, եթե չհամաձայնվի: Փորձել էր փախչել, արթնացնել ամուսնուն, բայց… ապարդյուն:

Որքա՜ն խեղված ճակատագրեր կան մեր կողքին, մարդիկ, ովքեր հայտնվում են ինչ-որ իրավիճակներում, մարդիկ, ովքեր հայտնվում են ինչ-որ հարվածների տակ ու չգիտես էլ՝ ո՞ւմ մեղադրես, ումի՞ց պահանջես արդարություն, ո՞ւմ բողոքես: Ու մարդիկ՝ խեղված ճակատագրերով ապրում են մեր կողքին, մեր հարևանությամբ, բայց՝ մենակ: Ցավալի է, բայց... երբ մարդը հայտնվում է անելանելի վիճակում, երբ ամենից շատ է նրան օգնություն պետք, կարծես փակվում են բոլոր դռները՝ գլորելով մարդուն անհուսության աստիճաններով ներքև՝ դեպի անդունդը:

Երեկոյան վախեցած դուրս էր նայում. ապրելու միակ հենարանը մնացել էր աղջիկը: Մի քանի անգամ մտածել էր՝ վերցնել աղջկան ու հեռանալ, բայց ո՞ւր... Մեկ անգամ փորձել էր ծնողների տուն գնալ, բայց աչքի առաջ ամուսինն այնպես էր ծեծել հիվանդ հորը, որ արդեն սարսափում էր... վախենում էր անգամ որևէ մեկին ինչ-որ բան ասել, թեև ամուսնու փոփոխությունը բոլորին էր տեսանելի:

Երեկոյան ամուսինը չեկավ, փոխարենը մի ոստիկանական մեքենա կանգնեց ու սպան հաղորդեց, որ ամուսինը ձերբակալված է: Նրան մեղադրում էին դիտավորյալ սպանության մեջ, ու բացի դա էլ, աշխատասենյակի խուզարկության ժամանակ թմրանյութեր էին գտել, իսկ այժմ տան հերթն էր:
Խուզարկեցին տունը, բայց ոչինչ էլ չգտան ու հեռացան:

- Մա՛մ, սրանք ովքե՞ր էին, բա ինչի՞ պապան չեկավ, էսա հոպարը կբերի պապային, չէ՞:
Կնոջ աչքերից արցունքի գետեր էին հոսում: Գրկել էր երեխային ու չէր կարողանում հանգստանալ: Ինչպե՞ս բացատրեր, որ պապան էլ չէր գալու, ինչպես բացատրեր, որ նրան բերողն ամենևին էլ հոպար չէր, այլ ստոր մի արարած:

Ամուսնուն էլ, նրա ընեկորջն էլ դատապարտեցին յոթ տարվա ազատազրկման, ասել է թե՝ վերջ քաղաքացիական կյանքին... դե արի փոքրիկ աղջկան բացատրի, որ պապան շուտ չի վերադառնա...
Կյանքի քմահաճույքն էր, թե իրերի ամենավատ դասավորությունը, բայց այս ամենը սկիզբն էին նրա մեղսալից կյանքի, կյանք,որի մեջ հայտնվեց ակամայից, կյանք, որ նրան ստիպեցին, վախեցրեցին, կյանք, որին սովորեցրին...

Աշխատանք չկար, իսկ երեխային պահել էր պետք: Հարևաններից մեկը մի օր եկավ ու խիստ սրտացավ ձևանալով՝ «աշխատանք» առաջարկեց՝ խոստանալով գաղտնի պահել այն:
Հիմար մի՛ եղիր, ոչ ոք չի իմանա, մի քիչ գումար կաշխատես, կվերցնես աղջկադ ու կգնաս էստեղից...  հակառակ դեպքում սովից կմեռնեք. Քո մասին չես մտածում, գոնե երեխուդ մասին մտածիր:

Կոպտել էր ու դուրս վռնդել տանից: Ինչ-ինչ, բայց իր սկզբունքները, իր սրբությունն ու մաքրությունը երբեք չէին կարող վաճառքի առարկա լինել:

Տան իրերից մի երկու բան վաճառեց, օրեր անց էլ տեղավորվեց մոտակա խանութներից մեկում ու թեև քիչ վարձատրվելով՝ այնուամենայնիվ սկսեց վաստակել իր և աղջկա օրվա հացը:

Մի օր ամուսնուց նամակ ստացավ. թղթախաղով գաղութում մի մեծ գումար էր պարտվել: Վերցրեց նամակը, կարդաց ու բարկությունից կտոր-կտոր արեց: Անգամ բանտում հանգիստ չէր տալիս… Բայց դե ի՞նչ կարող էր անել, որևէ հնարավորություն չուներ:

Հաջորդ օրը ստացավ մեկ ուրիշ նամակ. «Վերցրու աղջկաս ու գնա էտ տանից: Նրանք գիտեն ձեր մասին, ու եթե գումարը չտամ, ձեզ կվնասեն»:

Ո՞ւր գնար, ե՞րբ... Գումարն էլ այնքան մեծ էր, որ իր մի քանի ամսվա աշխատավարձն էլ չէր հերիքի: Փորձեց պարտքով խնդրել ինչ-որ մեկից, բայց դե ո՞վ է գժվել այդքան գումար տա մի կերպ իր ու աղջկա գոյությունը պահող միայնակ կնոջը… երկար մտորումներից հետո վերցրեց հեռախոսն ու զանգեց հարևանին:
- Ինձ շտապ գումար է պետք:
- Դու շատ լավ գիտես, թե ինչպես կարող ես այն վաստակել:
- Ես պարտքով եմ ուզում, անպայման կվերադարձնեմ:
- Գումար աշխատելու միայն մի տարբերակ կա, ու դու դա լավ գիտես, երբ կորոշես, զանգի,- ասաց ու անջատեց հեռախոսը...
Երկար տանջանքներից հետո դարձյալ վերցրեց հեռախոսը.
Ես... ես համաձայն եմ... Բայց ինձ շատ գոմար է պետք:
- Ես կտամ, իսկ հետո դու քիչ-քիչ կփոխհատուցես , դե ուրեմն արի, ես կտամ հասցեն, թե ուր պիտի գնաս, ես կգամ երեխուդ մոտ, որ դու չանհանգստանաս:

Ճահիճի մեջ հայտնվելն այնքան հեշտ է... մեկ անզգույշ քայլ ու հայտնվում ես ճահճի մեջ, և ամենավատն այն է, որ քո ամեն մի քայլը, դուրս գալու ամեն մի ճիգը օգնում է ճահճին, որպեսզի քեզ ավելի կլանի՝ այնքան, մինչ վերջնականապես կործանվես... Մերօրյա ճահիճները շատ են՝ ծխախոտ, ալկոհոլ, թղթախաղ, թմրանյութ, խաղատուն, ու այդ ճահիճը սկսում է հենց միայն մեկից՝ մեկ գլանակ, մեկ բաժակ, մեկ ասեղ, մեկ խաղ... ու մեկ էլ բացահայտվում ես ճահիճում: Իսկ ճահիճում սովորաբար հանդիպում են մարդիկ, ովքեր ևս կորսվում են, ու նրանց՝ թվացյալ օգնության մեկնած ձեռքը պարզապես մի միջոց է՝ քեզ ավելի խորտակելու գնով դուրս պրծնել ու ազատել սեփական կաշին:

Իսկ նրանք, ովքեր ստիպված են վաճառքի հանել իրենց մարմի՞նը... ովքե՞ր են նրանք: Հասարակության հիվանդ մասնիկը, որ պիտի բուժել, թե քաղցկեղածին մի մաս, որ պիտի կտրել ու հեռացնել... Մի բան հաստատ է՝ նրանք հասարակության անընդունելի մասն են... զավեշտ է, բայց՝ «պահանջված» ու միևնույն ժամանակ անընդունելի...

Սկզբից աշխատանք չուներ, ստիպված էր, պիտի փրկեր ամուսնու կյանքը, իրենց կյանքը, իսկ հետո՞... հետո սովորեց, հարմարվեց, մոռացավ անունի ու պատվի մասին ու ... տրվեց իր «աշխատանքին», որ ճահիճի պես սկսեց կամաց-կամաց կուլ տալ իրեն:

Երևի թե այդ կյանքի մեջ էլ կապրեր ու կմնար, եթե աղջիկը դեմ առ դեմ չկանգներ ճշմարտությանը: Մի օր դասամիջոցին, երբ անցնում էր երկու տղաների կողքով, լսել էր, թե ինչպես է մեկը մյուսին ասում՝

- Մարմնավաճառի աղջիկ է, հեր էլ չունի, հանգիստ եղի, ոչ մի խնդիր էլ չի լինի...

Վախեցած եկել էր տուն ու պատմել մորը: Նա էլ հենց հաջորդ օրը վերցրել էր աղջկան ու ուղևորվել ընկերուհու տուն՝ մեկ այլ քաղաք, որտեղ իրեն ոչ ոք չէր ճանաչում: Ու ահա հենց առաջին երեկոն էլ պատմեց այս ամենն ընկերուհուն, պատմեց արտասուքն աչքերին՝ խորը ափսոսանքով ու զղջումով...

- Կյանքս անիմաստ ապրեցի, գոնե աղջիկս կյանք տեսնի: Մնանք քո տանը մի քանի օր, մինչև մի աշխատանք գտնեմ, տուն վարձեմ...

Ընկերուհին այլայլված էր... երբեք  չէր մտածի, որ իր ամենամոտ ընկերուհին նման բաների միջով ստիպված կլիներ անցնել: Այլևս ուշ էր ինչ-որ բան փոխելու կամ էլ կշտամբելու համար, բայց և հասկանում էր, որ նման վարքի տեր կնոջն ամուսինը հաստատ չի հանդուրժի իրենց տանը...

Առավոտյան արթնացավ ընկերուհու ամուսնու բարձր բղավոցից.
-  Ես գնում եմ, երեկոյան, երբ որ գամ, նրան էլ այստեղ չտեսնեմ: Դա էր պակաս, որ ասեին՝ մարմնավաճառին իմ տանը տեղ եմ տվել:
Ասաց ու դուռը շրխկացնելով դուրս գնաց:

Սիրելի՛ ընթերցող, չեմ փորձում արդարացնել, չեմ փորձում քողարկել այն մեծագույն մեղքը, որ ընտրում է յուրաքանչյուրը, ով սկսում է գնալ այդ ճանապարհով, բայց...  բայց որքա՜ն արագ ենք դառնում դատավոր, որքա՜ն արագ ենք ուրիշների մեղքերը ջրի երես հանում, որքա՜ն արագ ենք վերցնում մուրճն ու զարկելով սեղանին՝ կայացնում վճիռը՝ քարկոծել:
Մեղադրում ենք մարմնավաճառներին, բարձրաձայնում նրանց անունը՝ մոռանալով, որ մարդն այդ տիտղոսին միայնակ հասնել չէր կարող, մոռանալով, որ հենց այդ հասարակությունն է, որ ստիպել ու դարձրել է նրան այդպիսին, մոռանալով, որ եթե չենք ուզում մեր կողքին տեսնել մարմնավաճառների, ապա ինքներս պիտի ապրենք մաքուր կյանքով՝ մեր կնոջն ու ընտանիքին նվիրված ու նույնը պիտի սովորեցնենք մեր տղաներին, այլապես մեղադրել միայն մի կողմին, համաձայնեք, որ արդարացի չի... իսկ ո՞ւր են մյուս մեղավորները... Այստեղ արդիական կլիներ Քրիստոսի հնչեցրած պատասխանը՝ ով անմեղ է, թող առաջինը նա քար նետի, ասել կուզեր՝ թե՝ նայեք ձեր անձերին, ախր հենց դո՛ւք եք եղել, ձեզանից շատե՛րն են եղել պատճառն ու առիթը, որ նա դարձել է այդպիսին:

Նրանք, ովքեր ստիպված են վաճառքի հանել իրենց մարմինը... ովքե՞ր են նրանք: Հասարակության հիվանդ մասնիկը, որ պիտի բուժել, թե քաղցկեղածին մի մաս, որ պիտի կտրել ու հեռացնել... իսկ գուցե այն չառաջանար, եթե ժամանակին ուշադրություն դարձվեր...

Ընկերուհու տանը մնալն անիմաստ էր... սկսեց հավաքել իրերն ու արթնացնելով աղջկան՝ դուրս եկան տանից:
Կներես, խնդրում եմ, ինձ էլ հասկացիր, ես չեմ կարող միայնակ ինչ-որ որոշում կայացնել, ներիր ինձ:
- Հանգիստ եղիր, հասկանում եմ,- ասաց ու արցունքն աչքերին դուրս եկան տանից:

Աղջիկը նայում էր արտասվող մորը, հիշում տղաների խոսակցությունը, առավոտյան տանը տղամարդու բարձրացրած աղմուկն ու քիչ-քիչ սկսում էր հասկանալ ինչ-որ բաներ... Երանի՜ թե երբեք էլ չհասկանար... Երանի թե այս պահին ինչ-որ մի ձեռք լիներ, որից կարող էին բռնել, որից կարող էին կառչել, որը կարող էր իրենց հանել այս անդունդից...

-  Մա՛մ, ինչի՞ են քեզ ասում... ինչի՞ էին ինձ ասում, որ դու... մա՛մ, ինչի՞ են բոլորը մեզ վատ վերաբերվում, ճիշտա՞, որ դու....
- Հա՛, ճի՛շտա, բայց ես էտ ամենն արել եմ քեզ համար մենակ, Թագուհի՜ս, աղջի՜կս, - արցունքների միջից բղավեց մայրն ու չէր էլ հասցրել ուշքի գալ, երբ աղջիկը գցեց ձեռքից պայուսակն ու փախավ:
- Դու խայտառակ ես արել ինձ, ես ամաչում եմ, որ դու իմ մայրն ես, - լսեց հեռացող աղջկա խոսքերը:

Փախչում էր մարմնավաճառի աղջիկը, փախչում էր իրականությունից, մարդկանց կշտամբող հայացքներից, փսփսոցներից ու գաղտնի ծիծաղներից, փախչում էր ու փորձում ջնջել ուղեղից քիչ առաջ լսածը... Ամեն ինչ կտար, միայն թե չլսեր մոր խոսքերը՝ «Հա՛, ճի՛շտա...»:

Մայրը ևս սկսեց վազել... ախր դեռ այնքա՜ն բան ուներ ասելու աղջկան... Մի քանի փողոց այն կողմ մեծ բազմություն էր հավաքվել. Սիրտը վատ բան էր գուշակում. մոտեցավ նրանց, դանդաղեցրեց ընթացքն ու հեռվից, հավաքված մարդկանց արանքից տեսավ դստերը գետնին ընկած:

- Ոնց որ հատուկ ուզենար իրեն մեքենայի տակ գցի, այ տենց եկավ ու վազեց մեքենայի վրա, դե էս խեղճ տղեն էլ ո՞նց հասցներ կանգներ,-պատմում էր ներկաներից մեկը:
Մինչ կգար շտապօգնության մեքենան, գրկել էր փողոցի մեջտեղում արյան մեջ կորած աղջկան ու բղավում էր, բողոքում, կռիվ տալիս ինքն իր հետ, Աստծո հետ, բայց էլ բողոքելու ուժ չուներ, ուղղակի նայում էր երկինք ու փորձում գոնե այնտեղից գտնել օգնություն:

Երբեք նրան այսքան սրտացավ մարդիկ չէին շրջապատել, իր կյանքի վերջին տարիներին նա երբեք այսպիսի բազմության ուշադրության կենտրոնում չէր եղել, չէր զգացել մարդկանց անկեղծ սերն ու հոգատարությունը, ու ցավով գիտակցում էր, որ միգուցե դա այն պատճառով, որ այս մարդիկ դեռևս չգիտեին, որ ինքը մի սովորական մարմնավաճառ էր...

Բժիշկներին հաջողվեց փրկել աղջկա կյանքը, բայց նա կորցրեց տեսողությունը... Բժիշկներն ասացին, որ գուցե հետագայում հնարավոր լինի վերականգնել արտասահմանում ինչ-որ վիրահատությունների արդյունքում, բայց պետքէ շնորհակալ լինել Աստծուց, որ գոնե աղջկա կյանքը կարողացան փրկել:

Նստել էր հիվանդանոցում աղջկա մահճակալի կողքին, նայում էր ատովթարից կուրացած խեղճ երեխային ու մտքում կռիվ տալիս Արարչի հետ… Որքա՜ն հաճախ ենք չէ՞ հիշում Արարչին հենց այն ժամանակ, երբ հայտնվել ենք անելանելի իրավիճակում, ոչ միայն հիշում ենք, այլ մեղադրում, կարծես թե ամբողջ կյանքներս ապրել էինք այնպես, ինչպես նա էր պատվիրել, իսկ այժմ նեղանում ենք, թե ինչու չպահեց մեզ հանդիպակաց փորձության ժամանակ… Ինքն էլ չհասկացավ, թե ինչպես ծնկեց, ձեռքերը խաչեց կրծքին ու շուրթերը սկսեցին կամացուկ ինչ-որ բառեր արտասանել. «Եթե կարող ես, ներիր ինձ… ու բուժիր աղջկաս»:

Քիչ անց աղջիկն արթնացավ.
Մա՛մ, ինձ պապայի մասին մի քիչ պատմիր, դու ինձ մի անգամ տարար նրա մոտ, բայց այդպես էլ չտեսանք նրան, պատմիր, ես նրան շատ քիչ եմ հիշում:

Աղջկա հարցը տարօրինակ էր, բայց նա սկսեց պատմել, պատմել իրենց հանդիպման, ժամադրությունների ու խենթությունների մասին, պատմում էր, ու զգում, թե որքան է կարոտել ամուսնուն…

Մի քանի օր անց, երբ հիվանդասենյակում էին, դուռը բացվեց ու ներս մտավ ընկերուհին.
Կներե՛ս, մենք չպետք է քեզ հետ այդպես վարվեինք: Ես եմ մեղավոր...
- Էս ամբողջ պատմության մեջ ամենամեծ մեղավորը ես եմ, արի, արի, նստիր:
- Չէ՛, մենակ չեմ, մի հոգի էլ կա ինձ հետ:
- Ո՞վ...
Ներս մտավ ամուսինը՝ վարդերի փունջը ձեռքին: ժամանակից շուտ ազատ էին արձակել: Որքա՜ն էր սիրում այդ տեսակ վարդերը, որքա՜ն էր ստացել, երբ դեռ ընկերություն էին անում...

Թվում էր՝ ատում է ամուսնուն, երբ տեսնի, կցանկանա սպանել նրան կամ գոնե արհամարհել,  բայց մի պահ այնպիսի՜ կարոտ զգաց, այնպիսի՜ սեր զգաց նրա հանդեպ, որ չկարողացավ զսպել իրեն... Տասը տարի անց նրանք գրկախառնվեցին ու այս անգամ կինը լացում էր ոչ թե ցավից ու տառապանքից, այլ ուրախությունից, լացում էր ոչ թե միայնությունից, այլ զգալով կողքին ևս մեկին, նրան, ում սիրել էր ու շարունակում էր սիրել այսքան տարի անց...

- Մա՛մ, բռնի՛ր ձեռքս, վախենում եմ, - լսվեց աղջկա ձայնը, ու զգաց, որ իր ձեռքը բռնեց ոչ թե մայրը, այլ մեկ ուրիշը: Թեև արդեն խոսակցությունները լսելով հասկացել էր, որ հայրն է եկել:
- Պա՛պ, դո՞ւ ես...
- Հա՛, Թագուհի՜ս, ես եմ, ի՜մ Թագուհի, ինչքա՜ն ես մեծացել,- արցունքները խեղդում էին նրան:
- Պա՛պ, իսկ դու փոքրացել ես, լացում ես... Ափսոս, որ քեզ չեմ կարողանում տեսնել... պա՛պ, խոստացիր, որ էլ չես գնա մեզանից:
- Էլ երբեք, աղջիկս... Երբե՜ք...
Աղջիկը ամուր գրկեց հորն ու սկսեց արտասվել: Մի քանի կաթիլ արտասուքից հետո սկսեց նշմարել լույսը, իսկ քիչ անց կամաց-կամաց սկսեց ուրվագծվել իրեն գրկած հայրն ու կողքին կանգնած ժպտացող մայրը...

Կյանքը բարեհաճ գտնվեց ու երկրորդ հնարավորություն տվեց նրանց, երկրորդ հնարավորություն տվեց՝ շտկելու անցյալի սխալներն ու թերությունները, երկրորդ հնարավորություն՝ սիրո կրակը կրկին բորբոքելու, երկրորդ հնարավորություն՝ Արարչի կողմից ընձեռված կյանքը սրբության ու մաքրության մեջ ապրելու համար: Թեև կարող էր և չլինել այն... կարող էր և պատմությունն ավարտվեր առանց երկրորդ հնարավորության, իսկ մեր հերոսներից արդեն ամեն մեկը յուրովի էր սպառել իր առաջին հնարավորությունը:

Հանդերձներն աղտոտելն այնքա՜ն հեշտ է... ճանապարհները գուցե տարբեր են, բայց վերջնական արդյունքը նույնն է. մի գեղեցիկ օր բացահայտում ես, որ ապրում ես հասարակության մեջ կեղտոտ հանդերձներով: Մեկն իր հանդերձներն աղտոտում է մարմինը վաճառելով, մեկը՝ այդ մարմինը գնելով, մեկ ուրիշը թմրանյութով ու խմիչքով, իսկ ցանկում «ամենաանմեղներն» էլ՝ գուցե բամբասելով, դատելով, զրպարտելով... Բայց վերջնական արդյունքում բոլորի հանդերձն էլ կեղտոտվում է, մեկինը շատ, մյուսինը քիչ... Իսկ ի՞նչ կլինի, եթե հանկարծ պարզվի, որ ինչ-որ մի օր ինչ-որ մի տեղ հաշիվ պիտի տանք մեր աղտոտված հանդերձների համար... 

Ճիշտ ապրիր կյանքը, որովհետև այն միակն է, և ո՞վ գիտե, գուցե դու երբեք էլ երկրորդ հնարավորությունը չստանաս ու չհասցնես ինչ-որ բան շտկել...


Արմեն Նիազյան