Բարի ճանապարհի կենացն ու կոտրված բաժակը

Անշարժ պառկած էր. բժիշկներն անհանգիստ այս ու այն կողմ էին գնում, միմյանց հրահանգներ տալիս, պատրաստվում վիրահատության: Բոլորը շատ վախեցած էին, մտազբաղ, անհանգիստ: Նայում էին գլխավոր բժշկին ու դեմքից հասկանում, որ այլևս հույս չկա...

Վիրահատարանից դուրս կնոջ բարեկամներն էին՝ դարձյալ անհանգիստ ու մտածկոտ, ոմանց աչքերին արտասուք կար, ոմանք էլ առանձնացած աղոթքի խոսքեր էին մրմնջում:

Դժվար է... երբ հարազատներիցդ մեկը կանգնում է կյանքի ու մահվան ճամփաբաժնին, երբ գիտես, որ ամեն վայրկյան կարող ես կորցնել նրան, ու երբ գիտակցում ես, որ այլևս ոչինչ անել չես կարող, ակամայից աչքերդ փակվում են, ծնկներդ՝ ծալվում, իսկ ձեռքերդ՝ մոտենում կրծքիդ, և հառաչանքի ու աղոթքի բառերն են դուրս գալիս: Ու այդ պահին հասկանում ես, որ միակ հույսդ Աստված է, այդ պահին է, որ սկսում ես ամբողջ սրտով հավատալ, հավատալ ու հուսալ...

Գլուխն ափերի մեջ առած՝ նստել էր նստարանին, դեմքը ծածկել ձեռքերով. դա միակ տարբերակն էր՝ թաքցնելու արցունքները, թեև այդ պահին այլևս ոչնչի մասին չէր մտածում, չէր անհանգստանում. դադարել էր զգալ շրջապատը:
Դեռ երեկ ամեն ինչ լավ էր, ուրախ, գնացել էին քաղաքից դուրս՝ հանգստանալու: Հավաքվել էին մի քանի ընկերներով ու իրենց ընտանիքներով մեկնել՝ փախչելով քաղաքի տապից:

Ամբողջ օրը կինը հորդորում էր, որ չխմեն, դեռ ճանապարհ պիտի գնան, տուն պիտի վերադառնան, իսկ ինքն ամեն անգամ տալիս էր նույն պատասխանը.

Հո երեխա չե՞մ, ես իմ չափը լա՜վ գիտեմ: Դե՜, սա էլ խմենք ու մեզ բարի ճանապարհ մաղթենք…

Չէր հարբել, իրեն չէր կորցրել, բայց և առույգությունը բավարար չէր, որ ճանապարհին խուսափեն ավտովթարից: Մի քանի անզգույշ ակնթարթ ու չէր էլ նկատել, թե ինչպես է բեռնատարը հարվածում մեքենային, հենց այնտեղ, որտեղ կինն էր նստած…
Ուժեղ հարվածից մի պահ կորցրել էր գիտակցությունը:

Աչքերը բացեց այն ժամանակ, երբ կնոջը պատգարակով մտցնում էին շտապօգնության մեքենա: Ոտքի կանգնեց: Արագ երկու հոգի եկան ու բռնեցին թևերից, որ չընկնի, ու ուղեկցեցին շտապօգնության մեքենան: Նայեց իր մեքենային. մի կողմն ամբողջությամբ ջարդված էր, բեռնախցիկը՝ բացված: Երբ քայլում էր, հանկարծ սուր ծակոց զգաց ոտքի տակ: Ոտքը բարձրացրեց ուօղու կոտրված բաժակ էր, գուցե հենց այն բաժակը, որով խմել էր վերջին՝ բարի ճանապարհի կենացը

Մի քանի բաժակ օղին արել էին իրենց սև գործը. չէ՞ որ հենց դրա համար էլ այն ստեղծվել է, որ ուրախացնի, ուրախացնի, ուրախացնի… ու հետո ուրախությունը վերածի սգի: Ու որքա՜ն դժբախտություններ, կռիվներ, բաժանումներ ու մահեր են տեղի ունենում հենց այդ չարիքի պատճառով, որքա՜ն երեխաներ են որբանում, որքա՜ն կանանց կյանքեր են խորտակվում, երբ հայրերն ու ամուսինները որոշում են խմել, խմել ու այդ կերպ նշել, այդ կերպ ուրախանալ… մինչդեռ ոչ ոք նախապես չի իմանում, թե ինչ չարիքի առաջ կարող է այսօր կանգնեցնել իր խմած օղին:

Տարօրինակ չէ, որ աշխարհում ալկոհոլի պատճառով առաջացած հիվանդությունների ու մահերի թիվը գտնվում է բարձր հորիզոնականներում: Ու բոլորը, քաջ գիտակցելով սա, միևնույնն է, խմում են՝ մեկ բաժակը դարձնում երկու, հետո չորս, հետո տասը…

 Դո՞ւք եք վիրավորի ամուսինը, - հանկարծ լսեց գլխավերևում ու ձեռքի թեթև հպում զգաց ուսին:
- Այո՛, -աչքերը սրբելով՝ գլուխը վեր բարձրացրեց, վախեցած նայեց բժշկին, հետո խելագարի պես հարձակվեց նրա վրա,- ինչպե՞ս է նա, բժիշկ, խոսի՛ր, ինչպե՞ս է:

Երկու ձեռքով բռնել էր բժշկի օձիքից, բայց հանկարծ մի ակնթարթում ուղղակի փուլ եկավ: Կյանքում երբեք լաց չէր եղել, միշտ զսպել էր իրեն, միշտ կարողացել էր տիրապետել, բայց այսօր այլևս անզոր էր, այսօր թուլացել էր, հուսահատվել: Բռնել էր բժշկի օձիքից, թափահարում էր ու արտասվում՝ քաջ գիտակցելով, որ նա ի զորու չէ կյանք պարգևել...

- Հասկացեք, մենք անում ենք հնարավոր ամեն բան, բայց…  Դուք պետք է ընտրություն կատարեք. երկուսի կյանքն էլ վտանգված է, մենք կարող ենք փրկել կամ երեխային, կամ մորը:

Շուրջն ամեն բան մթագնեց. որքա՜ն էին սպասել իրենց բալիկին, որքա՜ն էր ուրախացել նրա ամեն մի շարժումով, որքա՜ն էր երազել, թե երբ է վերջապես իր գիրկն առնելու նրան… որքա՜ն էին կնոջ հետ վիճել, թե ինչ անուն պիտի դնեն: Իսկ հիմա՞… հիմա ինչ-որ մեկը հարցնում է և պահանջում, որ ինքը որոշի, թե նրանցից ո՞վ պիտի ապրի:

 Երկուսի՛ն էլ, բժի՛շկ, երկուսի՛ն էլ, դուք երկուսին էլ պիտի փրկեք:
Բժիշկը ցավով տարուբերում էր գլուխը.

- Ժամանակ չունենք, հիմա կասեմ մոտենան Ձեզ և Դուք ստորագրեք և հայտնեք Ձեր կամքը: Կներեք:

«Աստվա՜ծ իմ… ես ինչպե՞ս կարող եմ ընտրություն կատարել, ինչպե՞ս կարող եմ սեփական կամքով կայացնել երեխայիս կամ կնոջս մահվան դատավճիռը, ո՞վ է ինձ իրավունք տվել հանդես գալու նման դատավորի դերում… դա չափազանց ծանր դեր է ինձ համար, ես չեմ կարող լինել դահիճը և ոչ մեկի: Դա նույնքան անմիտ հարց է, որքան օրինակ մոտենան ու ասեն՝ ոտքերդ ես ուզում կտրենք, թե ձեռքերդ, կամ որ աչքդ հանենք՝ աջ, թե ձախ… Ոչ մեկը, ոչ մյուսը, Աստվա՜ծ իմ, ես ուզում եմ լիարժեք ապրել…»:

Երանի՜ թե լսեր կնոջը, երանի՜ թե կարողանար չխմել, երանի՜ թե ղեկին կիսահարբած չլիներ, երանի՜ թե մինչ վթարն ինչ-որ պետավտոտեսուչ կանգնացներ իրեն... Խելագարվում էր այն մտքից, որ հիմա պիտի մոտենան իրեն, և պիտի խնդրեն կայացնել վճիռը:

Վիրահատարանում բոլորն անհանգիստ ինչ-որ բան էին անում, երբ հանկարծ մի պահ բոլորը քարացան. բժիշկը գլուխն առավ ափերի մեջ. ամեն ինչ կտար, միայն չլսեր այդ ձայնը՝ տուուուուուուո...

Այլևս ուշ էր ամուսնուն ինչ-որ բան հարցնելու համար: Վաղը լուրերը կհաղորդեն հերթական ավտովթարի մասին, և ցավով կհայտնեն, որ արդյունքում մահացել է երիտասարդ մի կին, իսկ դեռ չծնված երեխան արդեն որբացավ ու հայտնի էլ չի՝ կապրի, թե ոչ:

- Սիրտը կանգ առավ, բժի՛շկ, մենք կորցրինք նրան:
- Արա՛գ, անում ենք ամեն բան, որ փրկենք երեխային: Աստված մեզ օգնական:

Հաջորդող վայրկյաններն ամենաերկարն էին, ամենատանջալիցը: Շա՜տ դեպքերի էր ականատես եղել բժիշկը, բայց այս մեկն այլ էր, սառը քրտինք էր պատել, շնչառությունն արագացել: Երբ հիշում էր ամուսնու դեմքը, աչքերի վիշտն ու արցունքները… ուզում էր ամեն բան անել, որ օգնի, բայց ինքն էլ հասկանում էր, որ իրեն չի տրված կյանք պարգևելու շնորհը:

Կատարյալ լռության մեջ հանկարծ լսվեց երեխայի ճիչը… բառերով հնարավոր չէ նկարագրել այն զգացումները, որ առաջացրեց այդ ճիչը. այն հույսի ճիչ էր, կյանքի ու երջանկության ճիչ: Բժշկի աչքերին արցունքի կաթիլներ հայտնվեցին: Վերցրեց մանկանը ձեռքերի մեջ ու նայեց անկենդան պառկած կնոջը: Ոչ ոք մինչև հիմա այդպես հուզված չէր տեսել բժշկին:

Նա քայլեց դեպի մայրը ու լացող երեխային դրեց անկենդան մոր կողքին:

-  Նա այլևս հնարավորություն չի ունենա տեսնել իր մորը, թողեք գոնե մի քանի վայրկյան այդպես մնա:

Ասաց ու քայլերն ուղղեց դեպի դուռը: Պետք է գնար և հայտներ հորը, որ նրա փոխարեն Աստված կատարեց որոշումը. Նա ընտրեց երեխային:

Դուռը բացվեց ու նա դուրս եկավ՝ հայտնելու երկու՝ իրար հակառակ նորությունները՝ մեկը՝ կյանքի, մյուսը՝ մահվան մասին…

Մեր կյանքն է այդպիսին… սև ու սպիտակ, գիշեր ու ցերեկ, սուգ և ուրախություն, կյանք ու մահ… Ուժեղ է այն մարդը, ով կարողանում է ապրել, հաղթահարել ու առաջ գնալ: Ուժեղ է այն մարդը, ով հասկանում է, որ այս կյանքում ոչինչ հավերժական չէ, ով այսօրվա դժվարության միջով անցնում է հանուն վաղվա հանգստության, ով համբերում է գիշերը, որ տեսնի արևածագը, ով գիտի, որ մթին թունելն ինչ-որ տեղ ավարտվելու է և երևալու է լույսը, ով անցնում է այսօրվա ամպրոպի ու անձրևի միջով՝ հանուն վաղվա պայծառ օրվան:

Բժշկին անմիջապես շրջապատեցին հարազատները: Նրանց մեջ էր նաև երեխայի հայրը… Դեռ չէր հասցրել ոչինչ ասել, երբ վիրահատարանի դուռը բացվեց ու ինչ-որ մեկը կանչեց.

- Բժի՜շկ…

Առաջին բանը, որ անցավ նրա մտքով՝ փոքրիկի մահն էր… երևի շտապել էր՝ ուրախանալով փոքրիկի ծնունդով…

Մտավ վիրահատարան. տեսարանն ապշեցնող էր.
Մայրը բացել էր աչքերն ու նայում էր փոքրիկին: Հրաշքը կատարվել էր… Երեխայի ներկայությունը, լացն ու ջերմությունը կյանք էին պարգևել մորը, կյանք՝ կյանքի դիմաց…

- Փա՜ռքդ շատ, Տե՜ր Աստված:

Հետաքրքիր է, որ այնտեղ, որտեղ ավարտվում են մարդկային կարողությունները, գործի է դրվում աստվածային միջամտությունը, մարդկային անհավատության պատն Աստծո հրաշքները կարողանում են ջարդուփշուր անել, և այնտեղ, որտեղ տխրության արցունքներ են, Աստված է, որ կարողանում է վերափոխել ուրախության արցունքների: Երանի՜ թե ամենքս էլ կարողանայինք վստահել Աստծուն, վստահել ու հավատալ ոչ միայն նեղության մեջ, այլ ամեն ժամանակ…

Քիչ անց բժիշկը դուրս եկավ վիրահատարանից, մոտեցավ ամուսնուն ու հայտնեց բարի լուրը.

- Աչքներդ լո՜ւյս, երկուսն էլ փրկվեցին:

- Շնորհակա՜լ եմ, բժի՜շկ, - ասաց ու ամբողջ ուժով գրկեց նրան:

- Ես ոչինչ չարեցի, ամեն բան Նա արեց, - ասաց ու ձեռքով երկինք ցույց տալով՝ դարձյալ հետ գնաց՝ այժմ արդեն անցնելու իր պարտականությունների կատարմանը…

- Շնորհակա՜լ եմ, Աստված...

Արմեն Նիազյան