Ակամա մեղավորը կամ չընթերցված տողեր...
-
Ի՞նչ ասաց բժիշկը:
-
Ամենասարսափելին...
- Չի կարող պատահել: Իսկ միգուցե սխալվո՞ւմ
են:
- Չէ, ամեն ինչ հենց այդպես է:
- Ու ի՞նչ: Նշանակում է մեր հետագա պլաններն
ու երազանքները ջուրը նետվեցի՞ն:
- Չգիտեմ, ոչինչ չգիտեմ...
Տան ճանապարհին լուռ էին. ոչինչ չէին խոսում:
Ծրագրեր ունեին, պատրաստվում էին մեկնել երկրից: Ըստ նախատեսած ծրագրերի՝ պիտի աշխատեին
երկու-երեք տարի, հետո վերադառնային ու սկսեին իրենց սեփական բիզնեսը, բայց հերթական
այցելությունը բժշկին ամբողջովին մթագնել էր ամուսինների որոշումները…
Տեսե՞լ եք ծնողների, ովքեր տարիներ շարունակ
փափագում են ժառանգ ունենալ, բայց չի ստացվում, տեսե՞լ եք լացող կանանց, ովքեր տարիներ
շարունակ երազում են, որ ինչ-որ մեկը քաշի իր հագուստից ու ասի՝ մա՜մ… Իսկ տեսե՞լ եք
դեպքեր, երբ «ծնողները» պլանավորում են չպլանավորված սեփական երեխայի մահը…
Ամեն օր որքա՜ն գրքեր են գրվում, լույս տեսնում ու հարստացնում
աշխարհը: Բայց որքա՜ն գրքեր էլ չեն գրվում, որքա՜ն տողեր մնում են այդպես էլ չընթերցված:
Ո՞վ է մեղավոր` իրավիճակները, փողի բացակայությունը, հարևանի կարծիքը...ո՞վ…
Ոմանք լուրը լսում են ու ուրախանում, ոմանք էլ շիվարում ու հայտնվում
փակուղու առաջ՝ մտածելով՝ ա՜յ քեզ դժբախտություն...
Ու մենք ինքներս, մեր իսկ ձեռքերով շինում ենք փոքրիկ դագաղիկներ,
ու թաքուն, բոլորից գաղտնի տեղավորում այնտեղ նրանց, ովքեր անպաշտպան են, ովքեր չեն
կարողանում կռիվ տալ, արդարություն պահանջել, ովքեր կարծում էին, թե իրենց առաջին պաշտպանների
անունը պիտի լիներ՝ մամա ու պապա…
Մի պարագայում պապան
թողեց գնաց, իսկ մաման մենակ չի կարող մեծացնել, մեկ ուրիշ դեպքում՝ փող չկա, հնարավորություն
չկա, երրորդի մոտ՝ արդեն չորրորդ աղջիկն էր, հինգերորդն էլ՝ որ ոչ ոք չիմանա իր չմտածված
արարքի մասին… Ու բոլոր դեպքերում էլ նա՝ դեռ արևի լույս չտեսած փոքրիկ էակը, դառնում
է ակամա մեղավոր ու ոչինչ չարած՝ դատապարտվում մահապատժի… Ա՜խ այդ փոքրիկ, անպաշտպան,
անմե՜ղ «մեղավորները»…
Կառուցում ենք փոքրիկ դագաղներ ու այնտեղ տեղավորում մի ամբողջ
կյանք՝ հույզեր, զգացմունքներ, ուրախության ու տխրության պահեր, մանկություն ու պատանեկություն,
երիտասարդություն, խելք, գիտություն, հանճար ու տաղանդ, սիրահարվածություն, նշանդրեք
ու ամուսնություն, երեխաներ… որքա՜ն տարողունակ են այդ փոքրիկ դագաղները, որոնք ոչ
ոք այդպես էլ չի տեսնում… Որքա՜ն բան ենք թաղում, կործանում՝ անունը դնելով պատահականություն,
որքա՜ն բան ենք թաղում՝ պատճառաբանելով, թե ստիպված էինք, ուրիշ ճար չունեինք... Բայց
ո՞վ էր ասել, թե իրավունք ունեինք...
Հերիք է` դագաղներ կառուցենք ու ապրենք արդարացումներով ու պատճառաբանելով՝
իբրև թե՝ ուրիշ ճար չունեինք: Եթե նրանց սիրտն արդեն բաբախում է, ով էլ լինես, ինչ իրավիճակում
էլ հայտնված լինես, անգամ եթե խայտառակվես աշխարհով մեկ կամ էլ ստիպված լինես
մուրացկանությամբ շարունակելու ամբողջ կյանքդ, դու իրավունք չունես որոշելու նրա փոխարեն,
դու իրավունք չունես ընդհատելու նրա կյանքը…
Սցենարը կար, տեքստը պատրաստ էր, սակայն այն այդպես էլ լույս
չտեսավ, բառերը գրքի չվերածվեցին ու աշխարհը հնարավորություն չունեցավ այդ գիրքը կարդալու:
Մինչդեռ դա պիտի լիներ յուրահատուկ գիրք, այնպիսին, որ դեռևս չէր գրվել ու չի էլ գրվի…
Ամուսինները հրաժարվեցին՝ գաղտնի, թաքուն. իրենցից բացի ոչ ոք
չիմացավ էլ: Հրաժարվեցին ու վերջ. թույլ չտվեցին լույս աշխարհ գալ, թույլ չտվեցին
բացել աչքերը, թույլ չտվեցին՝ օգտվել ի վերուստ տրված ապրելու իրավունքից:
Շուտով մոռացան այդ ամենը, ապրեցին իրենց կյանքով, զարգացրին
իրենց բիզնեսը, բայց եկավ այն օրը, երբ յուրաքանչյուր ոք կանգնում է Արդարի առաջ...
ու նրանք հանդիպեցին... Մի փոքրիկ երեխա՝ հրեշտակային կերպարանքով արցունքն աչքերին
քաշեց շորից ու բոլորը՝ երկինքն ու երկիրը, լսեցին նրա ձայնը՝
- Մա՛մ, ինչո՞ւ ինձ սպանեցիք...
Պատասխան չկար. պատասխանի համար արդեն շատ ուշ էր...
Արմեն Նիազյան