Մենք արդե՛ն հաղթել ենք


Պատերազմ չե՜նք ուզում, չե՜նք նախաձեռնում, չե՜նք հրահրում... Բայց գիտե՛նք դիմակայել, գիտե՛նք մեկանալ, գիտե՛նք մի բռունցք դառնալ, գիտե՛նք ձեռք ձեռքի տալ, գիտե՛նք արյան գնով կռիվ տալ... մեզ չե՛ն ստիպում, մեզ չե՛ն համոզում, մեզ չե՛ն խնդրում... չէ՜, մենք ինքնակամ ենք գնում՝ առանց նայելու տարիքին ու օրվա հոգսին, գնում ենք, որովհետև հողը մե՛րն է, հայրենիքը մե՛րն է, երկիրը մե՛րն է...

Ովքեր սահմանին են կամ սահմանի ճանապարհին, արդեն անում են իրենց գործը... Ապրե՜ք, տղերք, ապրե՜ք, որ ստիպում եք հպարտանանք ձեզնով, ձեր նվիրվածությամբ, ձեր խիզախությամբ… Ձեր մեջ որքա՜ն հերոսներ կան էսօր, քանի՜ Մոնթեներ կան, քանի՜ Վարդանանք...

Տե՜ր Աստված, պահիր հայոց երկիրը, պահիր հայ զինվորին, բեր խաղաղություն մեր երկրին... այնքա՜ն սպասված ու ցանկալի խաղաղությունը...

Զենքը ձեռքին կանգնած տղամարդու թիկնոցի տակից երևաց երկար փարաջան…

19 տարեկան զինվորը պատասխանեց հեռախոսազանգին՝ «Մամ ջան, ամեն ինչ շատ լավա, մի՛ անհանգստացեք», ու արագ անջատեց հեռախոսը, որ չլսվի քիչ այն կողմ պայթող արկի ձայնը…

Զորամասերում ահել ու ջահել հերթ են կանգնել՝ սահման մեկնելու համար, երգում են ու սպասում իրենց հերթին…

Սահմանից հեռու նկատելի են անցորդների շարժվող շուրթերը. լուռ աղոթում են…

Այս օրերին չկա Հայաստան, սփյուռք կամ Ղարաբաղ… կա պարզապես ՀԱՅ ու ՀԱՅՐԵՆԻՔ…

Մենք արդե՛ն հաղթել ենք…