Սուրբ Ծնունդն ու ապակե իրեր վաճառող տատիկը (պատմվածք)


Քաղաքը քիչ-քիչ դատարկվում էր, մարդիկ անհետանում էին փողոցներից, աղմուկը գնալով հանդարտվում էր: Կարծես նույն քաղաքն ու նույն փողոցները չէին, որ ժամեր առաջ ծռվել էին մարդկանց ծանրությունից ու խլացել ոտնաձայների աղմուկից:

Ընտանիքով եկել էին այդ քաղաք՝ նշելու ամանորը: Տան ամանորյա անցուդարձից փախել էին ու որոշել, որ մի քանի օր կանցկացնեն այդտեղ՝ իրենց ընտանիքով: Երեկոյան դուրս էին եկել քաղաքում մի քիչ զբոսնելու և ահա արդեն ետ էին վերադառնում: Ճանապարհն անցնում էր այգու միջով:  Գրեթե մթնել էր, բայց երեկոյան կիսախավարի միջիցնկատելի էր ծեր տատիկը, ով նստել էր փոքրիկ մի աթոռակի վրա ու ինչ-որ բաներ էր վաճառում, կողքին էլ մի նիհար շուն էր. երևում էր, որ մի կերպ է պահում իր գոյությունը: Տղայի հետաքրքրությունը շարժվեց, ու նա մոտեցավ ծեր կնոջը.

- Տատի՛կ, ի՞նչ ես ծախում:
- Հին, ապակե իրեր են, տղես, քեզ դժվար պետք գան:
Այդ պահին հասան նաև տղայի ծնողները, ու տեսնելով տղայի ձեռքին մի հին բաժակ՝ բարկացան.
-Արի, արի, գնացինք, ի՞նչ ես կպել էտ քոսոտ ապրանքներից, նախնադարյան կեղտոտ բաներ են: Գիտե՞ս հիմա ինչքան վարակ ու վիրուս կա դրանց վրա: Իսկ շունը, բա որ հարձակվե՞ր:

Ձեռքից բռնեցին ու գրեթե քաշելով մի կողմ տարան՝ շարունակելու իրենց ճանապարհը:
- Ցուրտա, արագացրեք, շուտ հյուրանոց հասնենք ու մի տաք բան խմենք:
- Իսկ էն տատի՞կը: Հիմա երևի շատ է մրսում, - ասաց տղան ու ետ նայեց՝ հեռվում մի կերպ նկատելով ծեր կնոջ կուչ եկած մարմինը, - պապ, իսկ ինքը Նոր տարի, Սուրբ Ծնունդ չի՞ անելու: Չնայած ո՞նց կանի, ինքը երևի փող չունի:
- Ի՞նչ ես կպել էտ տատիկից, այ տղա, սաղ քաղաքն էլ լիքն են, մի մասը փող է մուրում, մյուսներն էլ տանը ինչ անպետք իր գտնում են՝ ուզում են ծախեն ու ծիծաղեն մեզ վրա: Դրանք էնքա՜ն ձևեր գիտեն փող աշխատելու:
- Չէ՛, պա՛պ, ինքը մրսում էր, ու հաստատ չէր ուզում մեզ խաբի:
- Լավ, վերջ, մոռացանք: Մենք եկել ենք, որ այստեղ մի լավ հանգստանանք: Խոստացել էի չէ՞ որ էս տարի շատ ճոխ ենք նշելու ամանորն ու Սուրբ Ծնունդը: Բա էլ ո՞ւմ համար ենք աշխատում:

Անմիջապես գնացին հյուրանոցի ռեստորանն ու սկսեցին ընթրել: Ամեն ինչ հրաշալի էր, համեղ, գեղեցիկ, քաղաքավարի… Թեև այս ամենն այքան էլ տղայի սրտով չէր. Նա շատ ավելի կնախընտրեր այս օրերն անցկացներ ընկերների հետ: Իսկ այսպես ո՞ւմ է պետք, որ կողմ թեքվում ես՝ անծանոթ դեմքեր, որոնք ժպտում են, ժպտում են, որովհետև դա իրենց աշխատանքն է, ժպտում են, որովհետև դրա դիմաց իրենց վճարելու են: Վերջին ժամանակներս որքա՜ն են շատացել <վճարովի> ժպտացողները, ու արդյունքում սկսել են պակասել անկեղծներն ու անվճարները, ջերմացնողներն ու կյանք տվողները...
- Երանի թե ընկերներս էլ այստեղ լինեին, այ դա իսկական տոն կլիներ, - քթի մեջ մրմնջաց տղան՝ հեռախոսի մեջ նայելով ընկերների գցած ձյունախառն նկարները:
- Այ սա ամանոր է, այ սա Սուրբ Ծնունդ է, մարդ էսպես պիտի նշի էլի, որ բան հասկանա,- ասաց հայրը՝ ձեռքը գցելով խորովածին, - տեսա՞ր, սիրելի՛ս, այս տարի քեզ ազատեցինք հյուրերի առջև սեղան դնելուց ու աղցան պատրաստելու տանջանքից:
Բոլորն ուրախ էին, բայց տղայի մտքից չէր հեռանում ապակե իրեր վաճառող տատիկը: Երբ իր ձեռքի բաժակը ետ էր վերադարձնում, պատահմամբ դիպել էր ծեր կնոջ ձեռքին ու մինչև հիմա զգում էր նրա մատների սառնությունը:

- Պապ, իսկ ինչպե՞ս ենք նշելու Սուրբ Ծնունդը:
- Տղես, ի՞նչ տարբերություն Նոր Տարի, Սուրբ Ծնունդ, նշում ենք էլի, էլ սրանից բացի ինչ պիտի անենք:
- Հա բայց ընկերներիցս մեկն ասում էր, որ էս օրերին ամենակարևոր բանը Հիսուսի ծնունդնա:
- Տղե՛ս, Հիսուսը ծնվելա երկու հազար տարի առաջ, բայց էսօր մեզ ի՞նչ:  Այ հենց հիմա էլ նշում ենք Սուրբ Ծնունդը: Ո՞վ չի ուրախանա, որ իր ծնունդը այ էսպես ճոխ նշեն:
Պատասխանները չբավարարեցին տղային. <Չէ՜, հաստատ Սուրբ Ծնունդն ու Ամանորն ավելին է, քան լիքը սեղաններն ու առատ կերակուրները, որովհետև եթե դա լիներ միայն, էն տատիկն էլ հիմա նստած կլիներ մի ճոխ սեղանի շուրջ, ոչ թե դրսում կսառչեր, մի՞թե նրա համար տոն չի այսօր>:
- Պա՛պ, ես կշտացա, գնամ մի քիչ համակարգիչ խաղամ ու գամ:
- Գնա, մենք դեռ մի երեսուն րոպե էստեղ ենք, եթե շուտ վերջացնես՝ արի:
Տղան վեր կացավ ու արագ դուրս եկավ ռեստորանից: Լավ է՝ ոչ ոք չնկատեց անձեռոցիկիմեջփաթաթած բրդուճները:

«Երևի տատիկը սոված կլինի, շուտ տանեմ սա տամ նրան ու արագ վերադառնամ. ոչ ոք չի նկատի բացակայությունս»,- մտածեց ու արագ դուրս եկավ հյուրանոցից: Տեսել էր՝ մի քանի մետր այն կողմ տաք ըմպելիքների համար նախատեսված ապարատ կար դրված, այնտեղից էլ մի բաժակ տաք թեյ վերցրեց ու ուղևորվեց այգի:

Որքա՜ն կարիք կա այսօր պարզ, մաքուր, անշահախնդիր բարության, այնպիսի բարության, որ երբ տեսնես դիմացինը կարիքի մեջ է, փորձես ինչ-որ կերպ օգնես նրան, ուղղակի օգնես… Երեխաների մեջ դա կա, դեռ չի հասցրել փոխարինվի կասկածներով ու չկամությամբ, իսկ մեծերի մեջ, հասարակության մեջ… Ինչպե՞ս ենք ես ու դու վերաբերվում մեր կողքի հարևանին, մեր դրացուն… բոլորով Սուրբ Ծնունդ ենք նշում, ուրախանում Նրա ծնունդով, բայց Նրա պատվիրանները պահել մոռանում ենք անգամ իր իսկ Ծննդյան օրը: Չէ՞ որ Նա ինքն էր ասում՝ սիրես դրացուդ քո անձի պես: Նա հո չէ՞ր ասում սիրես դրացուդ երբ հարուստ լինես, երբ գործերդ լավ լինեն, երբ պարտքեր չունենաս, չէ՜, Նա ուղղակի ասաց՝ փորձիր սիրել դրացուդ, իսկ սիրելու համար, համաձայնիր, որ գումար պետք չէ…

Երբեմն մեզ թվում է, թե մենք փողի, հարուստ տնտեսության ու բարձր աշխատավարձերի կարիք ունենք, և դրա պակասն է մարդկանց հաճախ ավելի չարացնում… չէ՜, մենք սիրո պակաս ունենք, սեր՝ մեկս մյուսի նկատմամբ, իսկ երբ սիրո պակաս կա, երբ փակում ենք պատուհանները, որ չտեսնենք դիմացինի կարիքը, երբ կողպում ենք դուռն ու փակվում մեր տաքուկ բնակարանում կամ էլ հյուրանոցի մեր համարում, օ՜, երկիրը սկսվում է պտտվել ոչ թե իր, այլ մեր առանցքի շուրջը…ու  բացահայտում ենք, որ մենք ինքներս էլ կարիքավոր ենք, մեզ էլ է օգնություն պետք, մեզ էլ գումարը չի բավականացնում, էլ ուր մնաց՝ ապակե իրեր վաճառող տատիկներին սկսենք օգնենք… Որքա՜ն կարիք կա այսօր պարզ, մաքուր, անշահախնդիր բարության…

Արդեն մութ էր, երկար փնտրելուց հետո վերջապես գտավ ծեր կնոջը՝ իրերը հավաքելիս:
- Տատի՛կ, վերցրու, սա քեզ համար է, էս ոսկորն էլ շանդ կտաս: Ճիշտ է, թեյն էլ արդեն առաջվա պես տաք չէ, բայց շուտ խմեք, կտաքացնի մի քիչ:
- Տղա՜ս, ինչի՞ ես եկել,- այլևս չկարողանալով շարունակել՝ սկսեց արտասվել, - ապրես, բայց ծնողներդ կբարկանան քեզ վրամ,- մի կերպ արտաբերեց արցունքների միջից:
- Հանգիստ եղեք, հիմա կգնամ, նրանք չեն էլ նկատի իմ բացակայությունը: Կներեք, շատ բան չկարողացա բերել:
- Շնորհակա՜լ եմ, տղա՜ ջան, էս արարքդ կմնա միշտ իմ հիշողություններում: Դե լավ, վերցրու սա էլ որպես նվեր իմ կողմից, կնայես ու կհիշես ապակի վաճառող ծեր տատիկին, - ասաց ու տղայի ձեռքի մեջ դրեց Սուրբ Ծննդյան տեսարանը ապակուց՝ մանուկ Հիսուսն էր մսուրի մեջ, Հովսեփն ու Մարիամը, հովիվները:
- Ի՜նչ սիրունա, դե, շնորհավոր ձեր նոր տարին ու Սուրբ Ծնունդը, ես գնամ, քանի դեռ ծնողներս չեն հասկացել, որ հյուրանոցում չեմ:

Մի քանի րոպե քայլեց, փորձեց գտնել այգուց փողոց դուրս գալու ելքը, բայց հասկացավ, որ շփոթել է, քայլում էր, վազում, բայց ելքը չէր կարողանում գտնել: Ոտքերն ու ձեռքերը սառչում էին արդեն, դրանից բացի էլ սկսեց վախենալ: Ձեռքը տարավ գրպանն ու տեսավ, որ հեռախոսն էլ չկա. երևի ընթրիքին սեղանի վրա էր մոռացել: Անհուսությունից սկսեց լաց լինել. մարդ էլ չէր երևում, որ գոնե մեկին հարցներ, հյուրանոցի անունն էլ չէր հիշում:հակառակի պես էլ գնալով սաստկանում էր ձյունն ու քամին, ու արդեն մի քանի մետր այն կողմ ոչինչ չէր երևում:

Մի քանի անգամ գնաց-եկավ այգով, թեքվեց աջ ու ձախ ու հասկացավ, որ, չէ՜, ավելի է մոլորվում. գոնե տատիկին գտներ, նա հաստատ կօգներ իրեն: Հիմա արդեն փորձում էր գտնել այգու այն տեղը, որտեղ հանդիպել էր ծեր կնոջը: Րոպեներն անցնում էին, բայց ոչ մի արդյունք: Վերջապես հեռվում նկատեց կռացած, մի կերպ քայլող կնոջը:

- Հիմա մենք շատ հեռու ենք մեր հանդիպած տեղից, ո՞նց գտար ինձ, ախր հիմա ծնողներդ շատ կանհանգստանան, դու չպետք է դուրս գայիր հյուրանոցից:
- Լավ, տատիկ, օգնիր ինձ գնամ էն նույն տեղը, որտեղ մենք տեսանք քեզ, ծնողներս երբ հյուրանոցում փնտրեն ու հասկանան, որ էնտեղ չեմ, հաստատ կվերադառնան այստեղ:
- Չէ, դու մենակ չես կարող գնալ, արի, արի, ես կգամ քեզ հետ:

Ձյուն էր գալիս, ու մթության մեջ քայլում էին տղան ու ծեր տատիկը: Ցուրտ էր, բայց ինչ-որ բան նրանց ջերմացնում էր, ամենուր սառնություն էր, բայց ինչ-որ բան պահում էր նրանց ցրտահարվելուց: Վախենալու չափ ամայություն էր, բայց ինչ-որ բանով լցված էր նրանց ներաշխարհը:

Ծնողները հասկացել էին որդու բացակայությունը, և առաջին բանը, որ անցել էր մտքներով, ապակե իրեր վաճառող կինն էր, վազելով եկել էին, մոտավոր գտել այդ տեղը, բայց ոչ ոք չկար... նրանց գնալուց միայն րոպեներ անց տղան ու ծեր կինը հասան այդ նույն նստարանին ու տրտմած նստեցին թաց ու սառը նստարանին:
- Բայց դու քաջ տղա ես, ապրես, որ չես վախենում: Արի սպասենք,  աղոթենք ու սպասենք, իսկ իմ ընկերը կփորձի գտնել ծնողներիդ:
Ծեր կնոջ հավատարիմ ընկերը պոչը շարժեց, երբ հասկացավ, որ խոսքն իր մասին է, ու հեռացավ. Նրան էլ հեշտ գործ չէր սպասում…

Որքա՜ն ունենք այսօր հավատարիմ ընկերների կարիք, ընկերներ, որ կողքիդ կլինեն ամեն ժամանակ,  ընկերներ, որ գրպանիդ, դիրքիդ ու պաշտոնիդ չեն նայի, ընկերներ, որոնց ընկերությունը կլինի անշահախնդիր, պարզ ընկերություն, ընկերներ, որոնք ավելի շատ կմտածեն տալու, քան ստանալու մասին, լինելու, քան պահաջնելու մասին, ուրախացնելու, քան ուրախանալու մասին… Իսկ այս ծեր շունն իր կյանքի մայրամուտում անգամ հավատարիմ էր իր տիրոջը, իր ընկերոջը, հավատարիմ էր նրա ասած խոսքին…

Ծնողները մոտակա թաղամասերից մեկում էին և արդեն ուզում էին ոստիկանություն զանգել, երբ տեսան շանը: Տեսան ու դարձյալ հիշեցին ծեր կնոջը:
- Հիմար պառավ, եթե հանկարծ պարզվի, որ նրա պատճառովա տղես կորել, իմ ձեռքերով խեղդելու եմ, - բարկացած մռթմռթաց ու կնոջ հետ շարժվեցին դեպի շունը:
- Տես, ոնց որ թե ուզումա, որ իր հետևից գնանք:

Շունն առաջ վազեց՝ տանելով նրանց այնտեղ, ուր տատիկն ու տղան էին: Ծնողների առաջ բացված տեսարանը չափազանց հուզիչ էր. առատ ձյուն էր տեղում, չորս կողմը սպիտակ էր՝ ոչ մի հետք, ոչ մի կեղտաբիծ, ոչ մի աղմուկ... ծեր կինը տղայի վրա էր գցել իր շալն ու վերարկուն, մարմնով էլ փորձել էր հնարավորինս ամուր գրկել տղային ու տաքացնել: Երկուսի աչքերն էլ փակ էին. ծեր կինը... նա նստած էր արդեն գրեթե առանց հագուստ մի քանի ժամ շարունակ: Ծնողները գրկեցին երեխային ու ցանկանում էին վազելով դուրս գալ փողոց, երբ հանկարծ նկատեցին, որ տատիկը տեղից չշարժվեց. մինչդեռ դեմքին նայելիս թվում էր, թե ժպտում է...

Չէ՜, իրոք ժպտում էր, ժպտում էր, որովհետև ականատեսն էր եղել պարզ բարության, սիրո ու ուշադրության դրսևորման, ժպտում էր, որովհետև տղայի արարքը ջերմացրել էր նրա սիրտը, ժպտում էր, որովհետև ականատեսն էր եղել Սուրբ Ծննդյան հրաշքին…
Երբ շունը տեսավ, որ ծնողները գտան երեխային, եկավ, լիզեց անշարժ նստած տատիկի ձեռքն ու այնքա՜ն տեսանելի էին կենդանու աչքերից գլորվող արցունքները հետո մի անգամ էլ պոչը շարժեց ու ոտքերը քարշ տալով գնաց այգու խորքը: Շանն այլևս ոչ ոք չտեսավ...

Պա՛պ, Փրկչի ծնունդը հենց այնպես չէր, այն պիտի փոփոխություններ բերի, իսկ այդ փոփոխությունները կլինեն միայն այն ժամանակ, երբ թույլ տանք, որ նա ծնվի նաև այստեղ, - ասաց ու ձեռքը դրեց հոր սրտին, - թե չէ երկու հազար տարի առաջվա ծնունդը պարզապես հիշելը մեզ ոչինչ չի տա: Տատիկն ասում էր, որ Սուրբ Ծնունդի մեր լավագույն նվերը կլինի այն, որ ավելի շատ սեր ու ջերմություն ցուցաբերենք մեր շրջապատի մարդկանց:

Առավոտյան հիվանդանոցից զանգեցին տղայի հորն ու ասացին, որ տատիկի հետ ամեն ինչ լավ է, թեև ցրտահարվել էր ու շատ մոտ էր մահվանը, սակայն հաջողվել էր փրկել նրա կյանքը: Մի քանի օր անց՝ հիվանդանոցի բակում սպասում էին տատիկին: Տղան էր՝ իր ծնողների հետ: Նրանք եկել էին դիմավորելու ծեր տատիկին:

- Այսուհետ դու կապրես քո նոր ընտանիքի հետ, թեև պիտի զգուշացնեմ, որ թոռնիկդ շատ չարաճճի է,- ժպտալով ասաց տղայի հայրն ու բոլորով միասին ուղևորվեցին տուն:

Արմեն Նիազյան