Մաշված վերարկուն (պատմվածք)

Հորդառատ անձրևը նոսրացրել էր մարդկանց հոսքը. դեռևս փողոցում մնացած մարդիկ ձգտում էին րոպե առաջ հասնել տուն ու վայելել տաք թեյը կամ սուրճը: Ոմանք վազում էին, ոմանք արագ քայլում՝ ձեռքերը կամ պայուսակը գլխին պահած, որոշներն էլ կանգնել էին կանգառի տաղավարում և սպասում էին իրենց երթուղայինին: Հորդառատ անձրևից թրջված՝ կանգառի տաղավարին մի երեխա մոտեցավ. երևի 14-15 տարեկան կլիներ...
Նրանք, ովքեր այդ կանգառից հաճախ էին օգտվում, գիտեին նրան. այդտեղ հաճախ էր շրջում, խաչեր էր վաճառում, խնդրում մարդկանց գնել այն: Մի քանի անգամ իրավապահ մարմինները փորձել էին մանկատուն տանել, բայց ամեն անգամ հաջողացրել էր փախչել այնտեղից. չէր սիրում ենթարկվել, լինել հսկողության տակ...

Չգիտեին՝ ընտանիք, ծնողներ ունի՞, թե՞ ոչ, միակ բանը, որ բոլորը հասկանում էին՝ անտուն, անտեր երեխա էր, որ հաճախ բախվում էր մարդկային ծաղրանքի, արհամարհանքի ու վիրավորական բառերի պատնեշին, երբ խնդրում էր գնեն հերթական խաչը հինգ հարյուր դրամով:

Կանգառի տաղավարում այլևս տեղ չկար, ինքն էլ կեղտոտ էր, ցեխոտ, վրայից էլ մի լավ հոտ չէր գալիս, ուստի ոչ ոք չշտապեց իրեն նեղություն տալ ու տեղավորել նրան իր կողքին: Պատանին նայեց ծածկոցի տակ լավ հագնված ու անուշահոտ օծանելիք ցանած մարդկանց, նրանց սառը հայացքներին, հետո նայեց իր ճղրտված շորերին ու հոգոց հանեց...

Որքա՜ն հաճախ ենք չէ՞ սկսում մեր կյանքից բողոքել, ու բողոքում ենք այնքա՜ն չնչին բաներից... դա կարող է լինել քո նախընտրած հեռախոսի բացակայությունը, ինչ-որ բրենդային հագուստ գնելու համար չբավականացնող գումար կամ արձակուրդին ծով գնալու հնարավորությունից զրկվելը, տանը պատրաստված նախորդ օրվա կերակուրը կամ ֆեյսբուքում ինչ-որ մեկի կողմից սպասված նամակը չստանալը...Ու մեզ թվում է, թե աշխարհի ամենադժբախտ մարդը մենք ենք, ու սկսում ենք բողոքել...

Իսկ նա՞, նա բողոքելու բան կարծես թե չուներ... Հեռախոս չուներ, որ ձգտեր ավելի լավին, հագուստն էլ ցնցոտիներ էին, որ հագնում էր ամիսներ շարունակ, արձակուրդ իր համար եղել էր մանկատանը, երբ մի կերպ տարել էին (միայն այդ մի քանի շաբաթն էր, որ ոչինչ չէր արել, թեև դա համեմատել ծովի հետ մի քիչ չափազանցություն կլիներ): Մայր էլ չուներ, որ բողոքեր նրա պատրաստած հերթական մակարոնից... ապրում էր հարբեցող հոր հետ, ով իր օրվա ծխախոտից ու օղուց բացի ոչնչի մասին այլևս չէր մտածում: Կարիք շա՜տ ուներ, բայց վերջին մեկ-երկու տարվա ընթացքում հասկացել էր, որ բողոքելով ոչինչ չի լուծվում, նաև հասկացել էր, որ չպետք է նախանձով ու ագահությամբ նայել ուրիշի ունեցածին, միևնույնն է, այդպես ուզածիդ չես հասնի…

Ու երբ տղան գալիս էր տուն՝ առանց բավականաչափ գումար աշխատելու, հանդիպում էր հոր գոտուն, ով ծեծում էր որդուն ու տանից դուրս անում.
-  Մինչև գումար չաշխատես, տուն չգաս:
Փորձել էր փախչել տանից, բայց գիտակցում էր. փախչելով կհայտնվի կամ մանկատանը կամ բանտում, ուստի որոշել էր մի կերպ դիմանալ, մի կերպ համբերել, թեև ինքն էլ չգիտեր, թե որքան...

Կանգառում կանգնած մարդիկ՝ ոմանք արհամարհանքով, ոմանք ցավալով, նայեցին նրա կողմը, մի քանիսն էլ ասացին կողքիններին՝ «Տեսնես՝ ո՞ւր են ծնողները, մեղքա էս երեխեն, ամոթ քո ծնողներին»... բայց միայն այդքանը...

Որքա՜ն հեշտ ենք չէ՞ փաստեր արձանագրում...
Տխրությունը տեսնում են շատերը, բայց քչերն են փորձում հասկանալ պատճառը, բացակայությունը շատերն են զգում, բայց քչերն են փորձում հետաքրքրվել, սխալները տեսնում են բոլորը, բայց քչերն են ցույց տալիս ուղղվելու ճանապարհը, ցրտից շատերն են բողոքում, բայց քչերն են վերարկուն տալիս չունեցողին, կեղծավորությունից բողոքում են բոլորը, բայց օր օրի պակասում են անկեղծ մարդիկ, ընկածի հանդիպում ենք ամեն քայլափոխի, բայց ձեռք մեկնողներն այնքա՜ն քիչ են... Բոլորն են զգում, որ առաջվա սերն ու ջերմությունը գնալով սառչում է, բայց քչերն են փորձում վերականգնել այն... Փաստեր արձանագրողի պակաս չկա մեր հասարակության մեջ, բայց այ մարդկանց կարիք, ովքեր կլինեն իրավիճակը փոխող... նրանք այնքա՜ն անրաժեշտ են... մարդիկ, ովքեր անտարբեր չեն անցնի մուրացկանի ու կարիքավոր կողքով, մարդիկ, ովքեր անտուն երեխային ու միայնակ ծեր տատիկին կփորձեն ինչ-որ կերպ ուրախացնել, մարդիկ, ովքեր երբ կտեսնեն իրենց դրացին դժվարության մեջ է, կփորձեն օգնել...

Քանի որ ոչ ոք այդպես էլ չշտապեց տեղ տալ, պատանին գտավ ինչ-որ ծածկոց, նստեց տակը, ու չնայած ժանգից արդեն շատ էր ծակծկվել, էլի կարողանում էր որոշակի պահել անձրևից: Կաթում էր անձրևն ու քիչ առ քիչ մաքրում պատանուն ցեխից ու կեղտից, իսկ ծածկոցի տակ կանգնած մարդիկ պատսպարվել էին անձրևից. նրանց վրա անձրև չէր կաթում, նրանց չէր սպառնում մաքրվելու վտանգը...

Նա ունեցած խաչերը, որ պիտի վաճառեր, դրել էր գետնին ու նստել վրան. Միայն այդ կերպ կարող էր պաշտպանել նրանց թրջվելուց ու վնասվելուց, նստել էր, բայց վախենում էր... եթե հանկարծ մարդիկ տեսնեին, որ նստել է դրանց վրա, հաստատ կբարկանային, կանարգեին, վիրավորանք կտային... չէ՞ որ բոլորն էլ ուշադիր են, որ պահեն սրբությունները, որ հանկարծ ինչ-որ մեկը չպղծի այն՝ վրան նստելով, չէ՞ որ բոլորս էլ չափազանց հավատացյալ ենք դառնում... ժամանակ առ ժամանակ...

- Թույլ կտա՞ս կողքիդ նստեմ, - հանկարծ լսեց գլխավերևում, ու երբ գլուխը վեր բարձրացրեց, տեսավ մի ծերունի՝ թրջված, առանց սափրվելու: - Գնա, գնա, մի քիչ էն կողմ անցիր, ես էլ նստեմ, թե չէ մինչև ոսկորներս թրջվել եմ:
- Եկեք, մի լավ տեղ չի, բայց դե չեղածից լավ է, էլի մի քիչ կպահի:
Ծերունու հագին մի մաշված վերարկու կար: Երբ տեսավ, որ պատանին գրեթե առանց հագուստի է ու արդեն դողացնում է, նստեց կողքին ու վերարկուն հանելով՝ գցեց երկուսի վրա:
- Էսպես մի քիչ ավելի տաք կլինի: Լսիր, դու էն խաչ վաճառող տղան ես, չէ՞:
- Հա, պապի ջան, ես եմ:
- Ու ի՞նչ, ստացվո՞ւմ է:
- Դե, օրը գիտի, բայց առաջ ավելի լավ էր, հիմա մեկ-մեկ ասում են՝ քոնն օրհնված չի, մի՛ խաբի մարդկանց: Բայց դե ի՞նչն եմ խաբում, խաչա էլի, առնում եմ, մի քիչ ավել գումարով ծախում...
- Է, տղա ջան, որ մարդկանց լսես, չես կարա գլուխդ պահես: Երանի թե օրհնված խաչով հավատացյալ դառնային մարդիկ: Ախր չեն հասկանո՞ւմ, որ ներսից պիտի լինի մաքրությունը, սրբությունը...  Տե՛ս, էն կանգառում էլ որ նայես, ամեն մեկի վզին մի խաչ կա, բայց որ գնաս, ասես՝ մրսում եմ, մի քիչ տեղ տվեք կանգնեմ, չթրջվեմ, ընենց թարս կնայեն, կփոշմանես որ մոտեցել ես: Բա դա հավատքա՞, - նեղսրտեց ծերունին:
- Հոգնել եմ ամեն ինչից: Սկզբից շատ էի նեղվում, նեղանում մարդկանցից, հետո հասկացա՝ ամեն մեկն իր աշխարհն ունի, իր հոգսն ու ցավը, իր մտածմունքը, ու ինչքան էլ լուրջ ու հասկացող հայացքով նայի վրես, մեկա, հազարից մեկին է հետաքրքրում, թե դու ով ես, տեր ունե՞ս, թե անտե՞ր ես… էսօր բան կերե՞լ ես, թե՞ չէ… ի՞նչ անեմ, ումի՞ց նեղանամ, մարդ են էլի… Բայց դե ինչքա՞ն էսպես ապրես, ինչի՞ համար ապրես, ո՞ւմ համար...
- Գլուխդ ուսիս դիր, քիչ հանգստացի, տղա ջան, դու լավ տղա ես երևում: Իսկ ապրել... պետքա, պետքա ուժեղ լինել ու ապրել…
Քեզ մի գաղտնիք ասեմ. հավատա, տարիների ընթացքում էս դասը լավ եմ յուրացրել: Ինչքան կարող ես՝ մարդուց շատ բան մի՛ սպասիր: Բայց և հավատքդ մի՛ կորցրու ո՛չ Աստծո հանդեպ, ո՛չ էլ մարդու: Աստված միշտ կողքիդ կլինի՝ անկախ նրանից՝ խաչ ունես գցած վզիդ, թե ոչ, իսկ մարդը... մարդը կարա լինի դաժան ու անսիրտ, բայց հավատա, մեր կողքին շատ են նաև մեծահոգի ու հասնող մարդիկ, ուղղակի դրսից չի երևում, ներսն էլ, ավա՜ղ, հաճախ չենք տեսնում... ու ամեն անգամ չգիտես ինչու հանդիպում ենք մարդու եսասեր, էգոիստ ու կեղծավոր տեսակին ու հիասթափվում, հուսահատվում, կորցնում մեր հավատքը...
-  Ա՛ռ, պապի, էս խաչը վերցրու, թող քեզ պահի ամեն ժամանակ:
- Նվերդ չեմ մերժի, տղաս: Երանի քեզանից ամեն մի խաչ առնողը Աստծուն հավատար,- ասաց, հետո կամաց շշնջաց ականջին,- մեր կողքին ինչքան Աստծուն հավատացողներ շատ լինեն, էնքան մեր կյանքը ավելի լավը կլինի:

Հեռանալուց առաջ ծերունին վերարկուն թողեց տղային.
-   Ճիշտա, մաշվածա, բայց էս ձմեռ յոլա կտանի, տղաս, ջահել ես, զգույշ եղիր, չմրսես:

Անձրևը կտրվեց: Պատանին ուշադիր նայում էր ծերունու հետևից, բայց նա արագ խառնվեց մարդկանց բազմությանն ու կորավ տեսադաշտից…

Տարիներ անցան. պատանին մեծացավ ու կարողացավ լավ աշխատանքի անցնել: Դարձավ իր քաղաքի հարուստներից մեկը: Ասում են՝ իր տանը մի երևացող տեղ կախել էր այն վերարկուն, որ ստացել էր ծերունուց, և իր տուն մտնող ամեն մեկին պատմում էր մաշված վերարկուի պատմությունը, ու միշտ վերջում ավելացնում էր.

«Ծերունին այդպես էլ չիմացավ, որ այդ օրը ես, հոգնած ամեն ինչից, որոշել էի ինքնասպան լինել, ու եթե չլիներ ծերունին ու նրա մաշված վերարկուն, գուցե ես այլևս չլինեի...»: Մեծահարուստն իր պատմությունն ավարտում էր խորհրդով՝ «Ուշադիր եղեք ձեր շուրջը գտնվող մարդկանց, երբեք չգիտեք, թե ով ինչ որոշում ունի, բայց քո ունեցած մաշված վերարկուն էլ կարող է անհավանական գործեր գործել...»:

Երանի թե ներքուստ հարուստ լինենք, ներքուստ՝ մաքուր, ներքուստ՝ հավատացյալ, ներքուստ՝ մարդ, ոչինչ, որ վերարկուներս մաշված լինեն... թե չէ մեր օրերում բոլորն էլ հագնում են ճոխ վերարկուներ ու այլևս հնարավոր չի լինում տարբերել ու հասկանալ՝ ինչ է թաքնված այդ վերարկուի ներքո՝ Աստծո ստեղծած մա՞րդը, թե՞ միայն սեփական կյանքի, մորթի ու հարմարավետության մասին մտածող արարած… և երբեմն մաշված վերարկուն է դառնում երաշխիքը մարդ լինելու…


Այնուամենայնիվ, ինչ վիճակում էլ լինես, ինչ դժվարության մեջ էլ գտնվես, երբեք մի՛ կորցրու հավատքդ մարդու և Աստծո նկատմամբ: Գուցե քո պարագայում ևս, երբ հիասթափված ու հոգնած կլինես ու կմտածես հանձնվելու մասին, Աստված ինչ-որ հրեշտակի մի վերարկու կտա և կուղարկի քեզ մոտ…

Արմեն Նիազյան