Ո՞րն է քո առաքելությունը…

Այո՛, վերջապես եկավ ժամանակը: Ես նրա ձեռքերի մեջ եմ: Որքա՜ն եմ սպասել այս պահին: Ի՜նչ նուրբ են նրա մատները: Փոքրիկ մի կայծ, մի շրխկոց, ու լուսավորվում է շուրջս: Ի՜նչ հրաշալի է զգալ այն լույսը, այն ջերմությունը, որ դու ես արձակում: Որքա՜ն ուրախ եմ ես:
Ահա, նա մոտեցնում է ինձ մոմին, մի փոքր էլ ճիգ գործադրեմ… Վե՛րջ, ես կատարեցի իմ առաքելությունը, այո՛…
Կինը վառեց մոմը, իսկ այրված լուցկին մի կողմ գցեց, հետո մոմի լույսի ներքո համբուրեց փոքրիկի ճակատն ու հեռացավ: Լուցկու հատիկը վառվեց մինչև վերջ, կորացավ… Մի տեսակ փայլ էր առաջացել մոխրացած հատիկի վրա…
Լուցկին գիտեր, թե ինչու է ստեղծվել, և գիտեր՝ որն է իր առաքելությունը: Իսկ դո՞ւ: Դու ինչի՞ համար ես ստեղծվել: Ո՞րն է քո առաքելությունը…: