Շնորհավո՛ր տոնդ, զինվո՛ր

Շնորհավո՛ր տոնդ, հա՛յ զինվոր... Մենք այստեղ միասին ենք, դու՝ հեռու քո մտերիմներից ու հարազատներից, հեռու քո տնից ու ընտանիքից, մենք տաք սենյակներում նստած ենք, մինչդեռ դու կանգնած ես ցրտին, ձյունին ու սառույցին, մենք քնում ենք, մինչդեռ դու պիտի արթուն լինես, մենք անհանգստանում ենք, որ սառույցին չընկնենք ու վնասվենք, քո անհանգստությունն այլ է. դու պիտի ամեն վայրկյան զգոն լինես, ուշադիր ու խիստ զգուշավոր՝ թե՛ քո, թե՛ ընկերներիդ կյանքի համար... Քո արած գործն անգնահատելի է, քաջությունդ՝ օրինակելի...

Նախորդ տարին հայոց բանակի ու հայ ժողովրդի համար դժվարին տարի էր՝ պայքարի, քաջության ու հերոսացման տարի էր, տարի, որ խլեց զինվորների կյանք... ու ամենևին էլ մխիթարող չէ այն փաստը, որ մենք քիչ զոհեր ունեցանք, որովհետև յուրաքանչյուր զոհված զինվորը մեծագույն կորուստ էր բանակիս ու ազգիս համար, յուրաքանչյուր զոհված զինվորը ոչ թե ինչ-որ ընտանիքի, թաղամասի կամ գյուղի կորուստն էր, այլ բոլորիս… Բայց ի հակառակ դավադիր թշնամու՝ հերոս հայ զինվորը ցույց տվեց, որ ամուր կանգնած է, որ չի թուլացել երբեք ու չի պատրաստվում տեղի տալ, նահանջել... ապրե՜ք, տղե՜րք:

Թող էլ երբեք չաշխատի պատերազմ կոչված մեքենան, թող խելքի գան այդ մեքենան աշխատացնողներն ու հասկանան՝ կյանքը թանկ է, ամեն մի զինվորն էլ մի պարգև է, մի օջախ ու մի տան պատմություն:

Շնորհավո՛ր տոնդ, զինվորի՛ մայր... Գուցե ոչ ոք չկարողանա այդպես էլ պատկերացնել ու հասկանալ քո վախերը, անհանգստությունները, գուցե ոչ ոք էլ չիմանա, թե ինչպես ես քո զինվոր որդու հետ միասին լարված գիշերն արթուն անցկացնում, որդիդ՝ խրամատում, դու՝ մահճակալիդ առջև ծնկած աղոթելով... Դու էլ ես հերոս, այսօր քո տոնն էլ է...

Սիրելի՛ հայորդի, մենք, որ խրամատից այս կողմ ենք, կանգնենք մեր զինվորի կողքին մեր աղոթքներով, աղոթենք, որ էլ պատերազմ չլինի, որ էլ կրակոց չլինի, որ էլ մահվան գույժեր չհասնեն մեր ականջին...

Տե՜ր, պահիր երկիրս խաղաղության մեջ ու պահապան եղիր մեր զինվորներին...