Երիտասարդաց արթնություն կամ մի բաժակ ջուր ողորմացեք

Նարեն ամիսներ շարունակ անհամբեր սպասել էր այդ օրվան: Վերջապես օրը եկավ…
Արագ պատրաստվեց ու ընկերուհիների հետ դուրս եկավ… Միանգամից ուղևորվեցին դեպի եկեղեցի, չէ՞ որ այդ օրը հենց այնտեղից էր պետք վերցնել օրհնված աղի բլիթները:
Անցած տարի էլ էր վերցրել, բայց այդպես էլ ոչ մեկի չէր տեսել. դե երևի դեռ ժամանակը չէր: Իսկ այս տարի, զգում էր, այս տարի կստացվի… Վերջապես այս տարի կիմանա՝ ով է իր ընտրյալը:
Նարեին մի քանի հոգի միանգամից առաջարկություն էին արել, իսկ նա… Դե նա էլ որոշել էր սպասել մինչև աղի բլիթը: Մի ներքին համոզմունք կար, որ այդ օրը կտեսնի նրանցից մեկին ու կտա իր համաձայնությունը:
Վերջապես եկեղեցու մոտ էին… Դե, քանի որ մեր երկրում «բախտ որոնողները» բավականին շատ են, ստիպված էին երկար հերթ կանգնել եկեղեցու առջև:
Ա՜յ քեզ արթնություն: Երկնքից եթե մեկը նայեր, կզարմանար, թե այս ինչ մեծ արթնություն է Հայաստանում, երիտասարդներն այնպես են ապաշխարել, հանկարծ այնպես զգացին եկեղեցու կարիքը, որ հերթ են կանգնել: Բայց բավական է իջնել երկիր ու կհամոզվեն, որ այդ երիտասարդների մեծ մասը եկել է «առևտրի»:
Վերջապես Նարեի հերթը հասավ. սրտի թրթիռով վերցրեց աղի բլիթն ու արագ տուն եկավ: Երեկոյան մի լավ պատրաստվեց, տրամադրեց իրեն, մի կերպ կերավ աղի բլիթը, աղոթեց Սուրբ Սարգիսին, խնդրեց նրա օրհնությունն ու բարեհաճությունն ու գնաց պառկելու:
Այ թե գիշեր էր. անընդհատ շուռումուռ էր գալիս, ծարավից տանջվում էր, բայց չէ՛, որոշել էր մինչև վերջ դիմանալ: Վերջապես առավոտյան կողմ քնեց և երազ տեսավ. գյուղում ապրող մի պապիկ, որ անասուններին էր արոտից տուն բերում, իսկ ինքն ուղղակի կանգնած էր փողոցում, ու որքան չարչարվեց, զառամյալ պապիկից, կովերից ու ոչխարներից բացի՝ այդպես էլ ոչ մեկի չտեսավ, այդպես էլ ոչ ոք ջուր չտվեց:
Առավոտյան բացեց աչքերը:  Տեսնես ի՞նչ էր սա նշանակում: Նշանակությունը չգիտեր, բայց ծարավը տանջում էր, իսկ աչքերն ահավոր ուռել էին:
Ինչ արած, Նարե՛ ջան, սպասիր մյուս տարվան, գուցե մյուս տարի քեզ էլ մի բաժակ ջուր կհասնի…
Սիրելի՛ երիտասարդ, մի կապիր հույսերդ ու ապագադ աղի բլիթների հետ, հավատա՛ ու վստահի՛ր Աստծուն: Եթե ուզում ես ամուսնանալ, ապա անկեղծորեն աղոթիր Աստծուն: Վստահեցնում եմ՝ Նա իրոք լսում է և կպատասխանի…
Իսկ եթե, այնուամենայնիվ, հույսդ կապել ես աղի բլիթի հետ, չզարմանաս, որ գիշերը ինչ-որ ավանակ տեսնես, որը ջուր կառաջարկի քեզ. կյանք է, ամեն ինչ էլ պատահում է: