21-րդ դարի զարգացած ու «աշխարհից բան հասկացող» հայ աղջիկներին
Այսօր՝ 21-րդ դարում, գուցե փոքր-ինչ փոխվել են արժեհամակարգերը, սկսել ենք կարևորել անկարևոր բաները, և դրա փոխարեն կարևորները մղվել են երկրորդ պլան:
Աշխարհը սրնթաց կերպով առաջ է ընթանում և սկսել է առաջարկել իր օրենքներն ու կանոնները:
Մեր բառապաշարից գրեթե անհետացել է ամոթ բառը, պարկեշտությունը երբեմն նույնացվում է հետամնացության հետ, իսկ ամոթխածություն բառն ասելիս երբեմն պատկերացնում են «կյանքից» ոչինչ չհասկացող, հեռավոր որևէ գյուղում ապրող մի աղջկա…
Ու սարսափելի է քայլել փողոցում ու տեսնել ժարգոն օգտագործող ու հայհոյախառն արտահայտություններ անող աղջիկների, համացանցում հանդիպել իրենց «ստատուսներում» և «քոմմենթներում» սանձարձակ վարքով աղջիկների. 21-րդ դարի զարգացած ու «աշխարհից բան հասկացող» հայ աղջիկների…
«Ով կարող է գտնել առաքինի կին. նրա գինը գոհարներից շատ ավելին է» (Առակաց 31.10):
Սիրելի՛ քույրեր ու աղջիկներ, որքան էլ այսօր աշխարհն առաջարկի իր գունավոր «ակնոցները», իր «դեմոկրատ» գաղափարներն ու բարքերը, իր «ժամանակակից» մտածելակերպն ու մոտեցումները, մի՛ մոռացեք ձեր Ստեղծիչին, մի՛ մոռացեք կյանքի իրական նպատակը, մի՛ անտեսեք կյանքի իրական արժեքները:
Պահե՛ք ձեր սրբությունն ու մաքրությունը, պահե՛ք ձեր պարկեշտությունը, պահե՛ք աստվածային կերպարանքը, որ ձեզ վրա է…
«Սուտ է վայելչությունն ու գեղեցկությունը՝ անցողիկ, սակայն Տիրոջից վախեցող կինը գովասանքի է արժանանալու» (Առակաց 31.30):