Ցույց տուր 21-րդ դարին, որ հնարավո’ր է
«Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվեք ձեր մտքի նորոգությունով, որ քննեք, թե որն է Աստծո կամքը՝ բարին, հաճելին ու կատարյալը» (Հռոմեացիներ 12.2):
Երբեմն մենք ուզում ենք, որ Աստծո կամքը բարի ու հաճելի լինի միայն մեզ համար… Եդեմի պարտեզում պտուղը Եվայի աչքին շատ հաճելի երևաց, շատ ախորժաբեր էր, օձի մեկնաբանությունը շատ համոզիչ էր ու տպավորիչ, բայց այդ ամենը մեղք էր Տիրոջ աչքին, այդ ամենն անեծք բերեց թե՛ նրան, թե՛ նրա ընտանիքին:
Այսօր չարը կարող է քեզ առաջարկել զանազան «ախորժաբեր» կերակուրներ՝ խմիչք, ծխախոտ, թմրանյութ, վատ ու անբարո նյութերով ողողված ինտերնետ, վատ շրջապատ…
«Եթե օրական մի քանի հատիկ ծխախոտ ես ծխում, ոչի՛նչ, դա կապվածություն չէ: Եթե առիթից առիթ ալկոհոլ ես օգտագործում, դա մեղք չէ»… Սատանան ստում է բացահայտ կերպով, նա ծաղրում է քեզ ու քո հոգևոր արժեքները… «Եթե գնաս եկեղեցի, ընկերներդ կծաղրեն քեզ, չես ընդունվի մարդկանց կողմից, քեզ աղանդավոր կասեն»… Նա դարձյալ ստում է…
Սիրելի՛ քրիստոնյա, դե՛մ կագնիր մեղքին, աշխարհին ու նրա առաջարկած ամեն պղծություններին: Սուրբ ու մաքուր պահիր քո անձը, քո միտքն ու քո սիրտը: Պահի՛ր քո հոգևոր սկզբունքներն ու ցույց տուր 21-րդ դարի աշխարհին, որ հնարավոր է ապրել աստվածահաճո կյանք, հնարավոր է ապրել մաքուր և արդար կյանք, հնարավոր է լինել ճշմարիտ հավատացյալ: Մի՛ կերպարանվիր այս աշխարհի կերպարանքով…
Ուզում եմ, որ այսօր ուժեղ լինես. ուժեղ՝ փնտրելու Աստծո ներկայությունը, ուժեղ՝ «ոչ» ասելու մեղքին ու գայթակղությանը, ուժեղ՝ նայելու Աստծուն և ոչ թե մարդկանց: Օրհնություններով ու հաղթանակներով լի օր եմ մաղթում: